12/10/2015 12:45
Նախարար. Մեր նպատակն է օժանդակել մարդկային մտքի զարգացմանն ուղղված ծրագրերին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ Կառավարությունը մեծապես կարևորում է վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը: «Դա թույլ կտա մեզ դուրս գալ համաշխարհային շուկա»,- այսօր բարձր տեխնոլոգիաների «ԱրմեԹեք» 8-րդ գործարար համաժողովի ժամանակ ասաց նախարարը՝ ընդգծելով, որ դա շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար:
«Հայաստանի Հանրապետության տարածշրջանային դերի բարձրացման համար հատկապես կարևոր է տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտներում Հայաստանի դերի բարձրացումը։ Այստեղ նախ պետք է խթանել հայ ժողովրդի ստեղծագործ միտքը, ինչը նշանակում է օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծում, համատեղ ծրագրերի իրականացում, իսկ երկրորդը՝ մեր նպատակն է օժանդակել այն ծրագրերին, որոնք ուղղված են մարդկային մտքի զարգացմանն ու Հայաստանի լրջագույն դիրքավորմանն ամբողջ աշխարհում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր մեկնարկել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը։ Նկատենք, որ «ԱրմԹեք»-ի համաժողովներն անցկացվում են մեկ տարի ԱՄՆ-ում, մեկ տարի՝ Հայաստանում: Համաժողովի շրջանակներում այս տարի առաջին անգամ Արցախում տեղի կունենա «ԱրմԹեք»-ի հատուկ նստաշրջանը։