12/10/2015 16:11
Մասնագետ. Հայաստանում ծխախոտի օգտագործման պիկը սկսվում է 18 տարեկանից հետո
Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%, կանանց շրջանում՝ 3-4%: Մասնագետները պնդում են՝ մայրքաղաքում և գյուղական համայնքներում բնակվող կանանց շրջանում առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն:
Հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:
Այսօր այդ կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանում կանանց շրջանում կան տարբեր տարիքային խմբեր, որոնց մոտ 7-8%-ը ծխող է համարվում:
Ալեքսանդր Բազարչյանը խսոքով՝ 1999 թ-ից սկսած՝ Հայաստանում իրականացվում են մի շարք հետազոտություններ, որոնք միտված են հետևելու ծխախոտի տարածվածության մակարդակին: Այդ ուսումնասիերությունները ցույց են տվել, որ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում, իսկ կանանց մոտ հակառակը՝ նկատվել է որոշակի աճ: «Եթե 1999թ-ին ծխախոտ օգտագործում էր տղամարդկանց մոտ 64%-ը, ապա այսօր ծխող է համարվում նրանց 50%-ը: Սա իհարկե բարձր և մտահոգիչ ցուցանիշ է»,- ասաց նա:
Անդրադառնալով դեռահասների շրջանում իրականացրած հետազոտություններին՝ Ա. Բազարչյանը նշեց, որ այստեղ թվերն ավելի հուսադրող են, քան իրականում թվում են: «Հայաստանում հիմնականում ռիսկային են համարվում 15 տարեկանները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեռահաս տղաների 6 տոկոսն է ծխախոտ օգտագործում, իսկ աղջիկների՝ մոտ 1 տոկոսը։ Մեր երեխաները բավականին երկար են մնում ծնողի հսկողության տակ»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ 18 տարեկանից հետո, ինստիտուտ ընդունվելիս կամ բանակ ծառայության գնալիս նրանք դուրս են գալիս ծնողի վերահսկողությունից և սկսում են ծխախոտ օգտագործել: «Դա է պատճառը, որ Հայաստանում ծխախոտի օգտագործման պիկը սկսվում է 18 տարեկանից հետո»,- ասաց նա:
Ա. Բազարչյանն ընդգծեց նաև, որ այս ամենին նպաստում է պետության կողմից իրականացվող հատուկ քաղաքականությունը, ըստ որի Առողջապահության նախարարությունը միջազգային պայմանագրերով, իրազեկման, գովազդի արգելման, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակման, հարկային քաղաքականության միջոցով փորձում է պայքարել ծխելու դեմ։ «Մենք ունենք որոշակի առաջխաղացում, բայց կան խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության ցուցանիշներին, ապա ըստ բանախոսը՝ ծխախոտը հանդիսանում է կարևորագույն ռիսկի գործոն ոչ վարակիչ հիվանդությունների համար, և այսօր սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես՝ թոքի քաղցկեղի 80-85 %-ը պայմանավորված է ծխախոտի երկարատև՝ 15-25 տարի և ավելի օգտագործմամբ:
«Հայաստանում տարեկան թոքի քաղցկեղի 1000 դեպքից ավելին արձանագրվում է տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ այդ թիվը հասնում է 150-180-ի, ինչը պայմանավորված է ծխախոտ օգտագործելով: Պասիվ ծխելն ունի նույն ռիսկը, ինչ ակտիվ ծխելը»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ Հայաստանում պարբերաբար իրականացվում են համապետական ազգային հետազոտություններ, որոնց նպատակն է պարզել ծխախոտի օգտագործման տարածվածությունը: