12/10/2015 09:25
Անփոփոխ առաջնորդը. Լուկաշենկոն վերընտրվեց՝ ձայների 83.49 %-ով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ վերընտրվեց իր պաշտոնում՝ ստանալով ընտրողների ձայների 83,49%-ը։ Այս տվյալները քիչ առաջ հրապարակել է Բերառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան։
Նշենք, որ սա Լուկաշենկոյի արդեն 5-րդ համապետական ընտրություններն էին: Չնայած բոլոր կանխատեսումներին՝ ԿԸՀ հրապարակած այս արդյունքները լավագույնն են այդ երկրում կայացած բոլոր ընտրությունների համեմատությամբ: 1994 թ.-ի ընտրություններին Լուկաշենկոն հավաքել էր ձայների 80.6 տոկոսը, 2001 թվականին՝ 75.65-ը, 2006-ին՝ 83.0%-ը, իսկ 2010-ին՝ 79.65 տոկոսը:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ ընդդիմադիր «Ասա ճշմարտությունն» նախաձեռնության ակտիվիստ, առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը ստացել է ձայների 4.42 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը՝ 3.32, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը՝ 1.67 տոկոս:
Նշենք, որ ԿԸՀ-ն դեռևս չի ամբողջացրել տվյալները: Սրանք միայն նախնական արդյունքներն են, սակայն փորձագետների հավաստմամբ՝ զգալի փոփոխությունների սպասելն անիմաստ է: