12/10/2015 11:36
Կաթողիկոսն ընդունել է Ֆրեզնոյից ժամանած հայ բժիշկներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանից ժամանած բժիշկներին` Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից:
Պրն. Պերճ Աբգարյանը, ներկայացնելով արհեստավարժ բժիշկներին, Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ նրանք ժամանել են Հայաստան իրենց մասնագիտական հարուստ փորձառությամբ աջակցելու հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցել է Մայր Աթոռ այցելած բժիշկների խմբին` ընդգծելով, որ վերջիններս օրհնյալ և աստվածահաճո առաքելություն են իրականացնում` առողջապահության ոլորտում իրենց անսակարկ ծառայությունը մատուցելով հայ ժողովրդի կարիքավոր զավակներին:
Գարեգին Բ Հայրապետը մեծ գոհունակությամբ փաստել է այն, որ բժիշկների խումբը հոգալու է հատկապես մարզային բնակչության կարիքները:
Նորին Սրբությունը նաև անդրադարձել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը` հյուրերին ներկայացնելով վերջին տարիներին հայ հասարակության մեջ բժշկական հաստատության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունն է հայցել նրանց պատասխանատու առաքելության ընթացքին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: