12/10/2015 15:05
Ա. Մարտիրոսյան. Ճակատի նպատակների իրագործումը կմեկնարկի Երևանում անցկացվելիք համապետական հանրահավաքով
Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է ասուլիս, սակայն չի ներկայանում դրան այլևս որևէ մեկին չի զարմացնում: Այսօր էլ պարոն Հովհաննիսյանը բացակայում էր, թեև ուրբաթ օրը ԶԼՄ-ներին ուղարկած հաղորդագրության մեջ նշվում էր, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդրանիկ ասուլիսը վարելու են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը: Արդյունքում, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կուսակցապետը «ընտանեկան հարցերով» մեկնել է Հայաստանից և ընթերցեց
«Նոր Հայաստան» փրկության ճակատի հայտարարությունը, որն էլ ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով, որ սահմանադրական կարգի տապալման, ժողովրդի իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի և պետության ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունների պատճառով ՀՀ-ն հայտնվել է հետզհետե խորացող համակարգային ճգնաժամի մեջ:
նկատի ունենալով, որ այս գործողությունների պատասխանատուն՝ կառավարող վարչախմբի հիմքը կազմող և հանցավոր համագործակցության վերածված ՀՀԿ-ն սկսել է սահմանադրական փոփոխությունների միջոցով միակուսակցական կառավարման համակարգ հաստատելու և իր իշխանությունը հավերժացնելու արտահերթ գործընթաց, որը ձգտում է ամրագրել 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեով;
արձանագրելով, որ նման հեռանկարը կտրուկ կերպով կսրի երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները և կարճ ժամանակի ընթացքում կառաջացնի ֆինանսատնտեսական համակարգի փլուզում, ինչպես նաև ճակատագրական բնույթի ռազմաքաղաքական սպառնալիքներ;
փաստելով, որ նման իրավիճակում ժողովրդի կամքի արտահայտումը հնարավոր է բացառապես գործող վարչախմբի վերահսկողությունից դուրս, ուստի Հայաստանում կամաարտահայտման իրական և լեգիտիմ ձև կարող է լինել ոչ թե վարչախմբի կազմակերպած հանրաքվեն, այլ փողոց դուրս եկած և մոբիլիզացված ժողովրդի քաղաքացիական անհնազանդությունը;
նպատակ ունենալով ազատ և արդար արտահերթ ընտրություններով երկրում սահմանադրականության հաստատման, այդ թվում՝ ժողովրդի իշխանության և պետության ինքնիշխանության վերականգնման, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման և անկախ դատարանի կայացման միջոցով նախադրյալներ ձևավորել աղետալի մարտահրավերներ առաջացրած համակարգային ճգնաժամի հաղթահարման և մարդու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծման համար,
նախատեսում է մոբիլիզացնել ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախումբը, կասեցնել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը և ձևավորել ժողովրդի վստահության անցումային կառավարություն:
Ճակատը հայտարարում է, որ ձևավորել է որոշումների կայացման մարմին՝ Քաղաքական խորհուրդ և այդ որոշումների իրագործման մարմին՝ ընդդիմության միասնական շտաբ: Ճակատի սահմանած նպատակների իրագործման ակտիվ գործողությունների փուլը կմեկնարկի Երևանում անցկացվելիք համապետական հանրահավաքով»: