12/10/2015 20:23
Համաժողովում ընդունվել է առանցքային նշանակություն ունեցող հինգ բանաձև
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին։
Նախարար Նալբանդյանը օրինակելի է գնահատել Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության միջև հաստատված համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի հյուրընկալումը պարտավորեցնում է առավել ակտիվ ջանքեր գործադրելու Ֆրանկոֆոնիայի նպատակների իրականացման ուղղությամբ։
ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ակտիվ դիվանագիտությունը, ինչը վկայում է այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի հետևողական ջանքերի մասին, բացելու աշխարհը Հայաստանի համար, իսկ Հայաստանն՝ աշխարհի։
Նա արժևորել է ՀՀ Ֆրանկոֆոնիայի գործունեության բոլոր ուղղությունները՝ նշելով, որ հայկական կողմի որդեգրած բաց քաղաքականությունն ամուր հիմքեր է ստեղծում միջազգային գործընկերության զարգացման համար։
Հանդիպմանը նախարարը և գլխավոր քարտուղարը քննարկել ենԿազմակերպության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և կառույցի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։ Նախարար Նալբանդյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը և պատրաստակամությունը շարունակելու սերտ աշխատանքները կազմակերպության համապատասխան կառույցների հետ։
Զրուցակիցներն ամփոփել են Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքները։ Երկուստեք ընդգծվել է համաժողովի ավարտին ընդունված հինգ բանաձևերի առանցքային նշանակությունը, որոնք կոչված են առավել ամրապնդելու և խորացնելու համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների միջև, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպես նաև` մշակելու մարդկության առջև առկա և մարտահրավերներին արձագանքելու լուծումներ։
Համաժողովի՝ ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ Հայոց ցեղասպանություն վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման համար։ Իր հերթին գլխավոր քարտուղար Միկայել Ժանը նշել է, որ Հայոց ցեղասպանության վիշտը միայն հայ ժողովրդի ցավը չէ, այն ողջ առաջադեմ մարդկության ցավն է, որի մասին է վկայում նաև նախարարական խորհրդաժողովի մասնակիցների այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։