13/10/2015 14:28
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի հովանավորությամբ շարունակվում են կրթական ծրագրերը
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) շարունակում են համագործակցությունը 2015թ.-ին ԳԱԿ-ի կողմից կազմակերպվող կրթական ծրագրերի շուրջ։
Համագործակցության շրջանակում Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ-ի նորաբաց Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա այցելուների համար հասանելի դարձնել աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։ Այն նորովի կհարստացնի այցելուների թանգարանային փորձառությունը, կստեղծի ինտերակտիվ միջավայր՝ խթանելով ուղիղ հաղորդակցումը համաշխարհային մշակույթի հետ։ Այս մասին հայտնում են Beeline ընկերությունից:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ նոր ծրագրերը, ինչպես նաև Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի ընձեռած լայն հնարավորությունները կօգնեն երեխաներին ու նրանց ծնողներին հաղորդակցվել արվեստի պատմությանը, թվային տեխնոլոգիաների օգնությամբ հարստացնել իրենց առցանց գիտելիքները: Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը թևակոխում է նոր փուլ` դարձնելով մարդկանց կյանքն ավելի լավը, խթանելով երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ որը հովանավորում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը: Այս տարի Beeline-ի օգնությամբ ձեռք բերված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի համակարգիչները մեր այցելուներին հասանելի են դարձնում աշխարհի խոշոր թանգարանների և արվեստի հաստատությունների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները», – ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
Աղբյուրը նշում է, որ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը բացվել է ԳԱԿ-ի պատկերասրահ Մեկում։ Այն ընթեցասրահ–գրադարան է, որտեղ զետեղված են մոդեռն և ժամանակակից արվեստին առնչվող եզակի գրքերի ընտրանի Ջ. Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև հայ արվեստին և արվեստագետներին վերաբերող ցուցահանդեսային պատկերագրքեր և մենագրություններ ԳԱԿ-ի գրադարանից։ Մոտավորապես 600 գիրք, ցուցահանդեսային կատալոգ և մենագրություն անվճար հասանելի են հետազոտողների, արվեստով զբաղվող ուսանողների և հանրության համար։ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում գործում է նաև հատուկ անկյուն ընտանիքների համար, որտեղ ծնողներին և երեխաներին առաջարկվում են երևակայությունը խթանող ստեղծագործական գրքեր և զարգացնող խաղեր։