13/10/2015 15:10
Ա. Մինասյան. Նոր սահմանադրությամբ լայն լիազորություններ է տրվում հատկապես ընդդիմությանը
«Սահմանադրական բարեփոխումների մասին առաջինը բարձրաձայնել են բոլոր քաղաքական ուժերն անխտիր»,- այսօր «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ քննարկումը կազմակերպել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, որին մասնակցում են կողմ և դեմ արտահայտվող տարբեր հասարականա կազմակերպություններ ու քաղաքական գործիչներ: Քննարկմանը ներկա են նաև ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական հանձնաժողովի անդամները:
Ա. Մինասյանի խոսքով՝ առաջինն այդ ուժերից եղել են հենց փոքր թվով քաղաքական ուժերը, որոնք ևս անհրաժեշտ փոփոխություն էին համարում նախագահական կամ կիսանախագահական համակարգը: «Այդ թվում նաև՝ «ոչ»-ի ճամբարում գտնվող այն ուժերը, որոնք թե՛ իրենց ծրագրերում և թե՛ հայտարարությունում առաջադրել են անցում պառլամենտական ընտրական ձևին, և համամասնական ընտրական ձևին: Այսինքն՝ այդ քաղաքական պահանջը եղել է»,- հավելեց նա։
Պատգամավորը կարևորեց հատկապես երիտասարդների հետաքրքությունը սահմանադրական բարեփոխումերի վերաբերյալ: Նրա խոսքով՝ եթե անգամ երիտասարդների մեծ մասն ասում է «ոչ», դա նշանակում է, որ գոնե տեղյակ են, թե ինչի մասին է խոսքը գնում:
«Հաճելի է տեսնել ակտիվություն սահմանադրական բարեփոխումների շուրջ: Հուսով եմ, որ «Ոչ» պաստառները բարձրացրած մեր երիտասարդները ծանոթ կլինեն սահմանադրական փոփոխություններին, և այդ վստահությունը նրանց մեջ կմնա: Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը քննարկվում էր երկար ժամանակ»,- ընդգծեց պատգամավորը:
Հարցին, թե ինչո՞ւ է սահմանադրական բարեփոխումները նախաձեռնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատգամավորը համոզմունք հայտնեց, որ այդ փոփոխությունները կարող է նախաձեռնել միայն երկու սուբյեկտ՝ Նախագահը կամ Խորհրդարանը: «Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը միայն բավական էր, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը հաստատվեր: Այսինքն` երկու սուբյեկտների դեպքում էլ նախաձեռնում է իշխանությունը»,- նկատեց նա:
Իսկ թե ինչ բովանդակությամբ պետք է լինեին այդ փոփոխությունները, Ա. Մինասյանը շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը վերցրել է գործող Սահմանադրության բացասական դրսևորումները և կազմել դրանք վերացնելուն ուղղված իրավական ձևակերպումները:
Ինչ վերաբերում է բուն բարեփոխումներին, Ա. Մինասյանն առանձնացրեց դրանցից մի քանիսը, որոնք առաջին անգամ ամրագրվել են նոր նախագծում: Դրանք են՝ ընտանիքի պաշպանությունը, պետության կառուցումը Սփյուռքի հետ միասին, բազմակուսակցական համակարգը՝ որպես ժողովրդավարության հիմնական արժեք:
«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սահմանադրական կարգի հիմունքներում ընտանիքն ամրագրվում է որպես պետության կենտրոնական հենասյուն: Պետությունը ստանձնում է պարտականություն` Սփյուռքի հետ ապահովել հայրենադարձության քաղաքականություն: Պետությունն ամրագրում է բազմակուսակցական համակարգ` որպես ժողովրդավարական հիմնական արժեք: Պետության սոցիալական կարգը հիմնվում է սոցիալական տնտեսության վրա:Կարևոր դրույթ է, որ պետության տնտեսական կարգը հիմնված է սոցիալական շուկայական զարգացման վրա և ըստ այդմ էլ սոցիալական պետության գաղափարախոսությունը հստակ ներկայացված է: Մարդու իրավունքների բաժնում պարզ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքը որպես գերակշռող նորմ: Իրավունքի գերակայության նորմը գործում է անմիջականորեն, ի հեճուկս իշխանությունների ցանկության: Շատերը, այս դահլիճում նստած և այստեղից դուրս, բողոքել են իրենց իրավունքների չպաշտպանված լինելու հանգամանքից: Բայց հարց չեն տալիս` արդյոք միայն իշխանություննե՞րն են մեղավոր, թե՞ նաև, այնուամենայնիվ, հիմնական խաղի կանոններն են թերի: Սահմանադրական փոփոխություններով իրավունքի գերակայման նորմը գործում է անմիջականորեն, այն ավելին է, քան օրենքի գերակայությունը: Օրենքը ստորադասվում է իրավունքի գերակայության սկզբունքին»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններն ուղղակի կապ ունեն մարդու առօրյա կյանքի հետ: Նա վստահեցրեց, որ նոր սահմանադրությամբ լայն լիազորություններ են տրվում հատկապես ընդդիմադիր ուժերին: «Սահմանադրական փոփոխությունների նախագծում հիմնարար վերանայումներ են արված: Երբ մենք խոսում ենք դատական իշխանության թերի կողմերի մասին, ոչ ոք հարց չի տալիս` իսկ այսօր դատարաններն ինչո՞ւ են կախված, ինչո՞ւ չի իրականացվում արդարադատություն, սա նորից երկրի նախագահի ցանկությա՞ն հարցն է, և եթե` այո, ապա մի՞թե բոլոր երեք նախագահները մի ցանկություն ունեին` պահել իրենց իշխանությունը»,- եզրափակեց նա: