13/10/2015 12:53
Արտակ Դավթյան. Որոշողը քաղաքացին է՝ «այո» կամ «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների փաթեթին
Դեկտեմբերի 6-ին կայանալիք հանարաքվեն էականորեն տարբերվելու է նախորդ երկու հանրաքվեներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն՝ ընդգծելով՝ սահմանադրական փոփոխությունները բերելու են բազմաթիվ արատների վերացման:
«Այս նախագիծը բավականին ճկուն է և կարող է լուծել ՀՀ առջև ծառացած ցանկացած մարտահրավեր: Այնուամենայնիվ որոշողը ՀՀ քաղաքացին է՝ «այո» կամ «ոչ» ասել փաթեթին»,- ասաց Արտակ Դավթյանը:
Նա անդրադարձավ նաև վերջին օրերին շատ քննարկվող՝ թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ օդային տարածքը խախտելու փաստին:
Բանախոսը նշեց՝ ՀՀ ավիացիայի վարչության պետն արդեն պատասխանել է այդ հարցին և ակնհայտ է, որ նման բաներ կարող են պատահել.
«Թուրքիան, հատելով ՀՀ օդային սահմանը, կարծես քաջալերում է իր դավանակից, փոքր եղբայր Ադրբեջանին: Սա նույն թուրքի ձեռագիրն է` 100 տարի առաջ, երբ զինելով ամեն տեսակ բաշիբոզուկներին, թուրքերը կոտորեցին մեզ՝ հայերիս»,- ասաց նա:
Ստեղծված իրավիճակում բանախոսը կարծում է, որ անվտանգության երաշխիքներ ունենալու համար Հայաստանը պետք է հավասարապես մոտ լինի Արևելքին ու Արևմուտքին: