13/10/2015 16:11
Գործող սահմանադրությունը բացառում է Հայաստանի որևէ զարգացում. Դավիթ Շահնազարյան
«Գործող սահմանադրությունը բացառում է Հայաստանի էվոլյուցիոն որևէ զարգացում, թեկուզ այն իմաստով, որ գործող Սահմանադրությունը իշխանափոխության հնարավորություն չի տալիս: Մենք մի պետություն ենք, որտեղ 25 տարվա ընթացքում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել: Մեր գործող Սահմանադրությամբ ընդդիմությունը, ոչ մի ընտրություն հաղթելով, իշխանություն չի վերցրել»,- «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, նախկին ՀՀՇ-ական Դավիթ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ քննարկումը կազմակերպել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, որին մասնակցում են տարբեր հասարակական ու քաղաքական գործիչներ:
Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ օրինակները պարզ են ու շատ, բայց իր համար անհասականլի է այն, որ եթե խորհրդարանական ընտրություններում հաղթող ճանաչվի ընդդիմությունը, իսկ նախագահը մնա նույնը, ապա ինչպե՞ս են կողմերն աշխատելու:
«Պետք է հաղթել երկու համապետական ընտրություններում էլ, հակառակ դեպքում կառաջանա սահմանադրական ճգնաժամ: Եկեք հիշենք Սահմանադրական բոլոր փոփոխությունները` 1995թ., 2005թ.: Իհարկե, գաղտնիք չէ, որ Սահմանադրության փոփոխությունների հեղինակները` իշխանությունները, միշտ էլ փորձել են իրենց օգտին անել:
Բայց շատ հետաքրքիր է 1995-ի Սահմանադրության փոփոխությունները կիսանախագահական համակարգ էր ենթադրում, բայց նախագահի ուժեղ լիազորություններ էր ենթադրում. արդյունքում եղավ 1998 թվականի նախագահի հրաժարական: 2005-ի սահմանադրությունը հայտնի է` ինչ նպատակով է ստեղծվել. Տեղաշարժ կատարել նախագահի լիազորություններից դեպի վարչապետի լիազորություններ, դա շատ պարզ էր, որովհետև Քոչարյանը ծրագիր ուներ նման Սահմանադրությամբ 2007-ին իշխանության բերել իր ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը պետք չէ շփոթել ներկայիս ԲՀԿ-ի հետ: Բայց դա էլ չաշխատեց», -նկատեց Դ. Շահնազարյանը:
Գործող սահմանադրությունից նա առանձնացրեց մի քանի կետ, որոնք, ըստ նրա, դրական են: Դրանցիցի առաջինն այն է, որ ընդդիմադիր ուժերը կարող են ընտրությունների միջոցով գալ իշխանության. «Թվում էր, թե այն ընդդիմադիր կամ արտախորհրդարանական ուժերը, որոնք ցանկանում են մասնակցել ընտրությունների ու գալ իշխանության, պետք է, որ ընդունեին այս, պետք է սա ձեռնտու լիներ: Իսկ մյուս՝ ավելի շատ կարևոր դրական կողմը փակում է նախկին նախագահների ճանապարհը գալ իշխանության»,-մանրամասնեց նա:
Դ. Շահնազարյանի համոզմամբ՝ այսօր գործող Սահմանադրությամբ թեև իշխանությունը կենտրոնացած է նախագահի ձեռքին, բայց շատ կարևոր է, որ առաջարկվող փոփոխություններով իշխանությունը բաշխվում է երկու անձերի միջև` նախագահի և վարչապետի, որոշ կարծիքներով՝ նաև ԱԺ նախագահի: «Սա կարծում եմ արդեն դրական է: Լավ է, որ պատգամավորները ստանում են հնարավորություն իրենց պահել ըստ իրենց խղճի` կարող են դուրս գալ խմբակցություններից»,- եզրափակեց նա: