13/10/2015 13:27
Առաջ գնալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն պետք է զտի իր շարքերը. Զոհրաբյան
Այս պահին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Թամար Պողոսյանի, Միքայել Մելքումյանի և ևս մի քանի այլ պատգամավորների հետ շարժվում է դեպի Սյունիքի մարզ:
«Կլինենք Եղեգնաձորում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Մեղրիում, որտեղ հանդիպումներ կունենանք նաև մեր ակտիվի հետ: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն դեռ ամիսներ առաջ էր նախաձեռնել ԲՀԿ տարածքային կառույցների հետ հանդիպումները: Այս հանդիպումների ընթացքում կքննարկվեն ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր»,- Aysor.am-ին ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ Սյունիք կատարելիք այցը տեղավորվում է ԲՀԿ տարածքային կառույցների հետ հանդիպումների շրջանակներում, որտեղ կուսակցության ղեկավար կազմը չէր հասցրել լինել դեռ ամիսներ առաջ:
Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է, որ այն տեղավորվում է նաև Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ բնականաբար անդրադարձ կլինի նաև սահմանադրական բարեփոխումներին ու առաջիկայում սպասվելիք հանրաքվեին: «Բնականաբար, կլինեն հանրային քննարկումներ, բայց քանի որ այսօր քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը սահմանադրական բարեփոխումներն են, բնականաբար ի թիվս բազմաթիվ այլ ներքաղաքական հարցերի, կլինեն նաև քննարկումներ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ»,- ասաց նա:
Ի դեպ՝ մամուլում երկու օր անընդմեջ խոսք է գնում ԲՀԿ խմբակցությունում սպասվող կադրային փոփոխությունների ու փոխատեղումների մասին: Այս առումով Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այդ փոփոխություններն, այսպես թե այնպես, սպասվում էին: «Դեռ փետրվարյան իրադարձություններից հետո այդպիսի փոփոխություններն ակնկալվում էին, քանի որ և՛ խմբակցության, և՛ կուսակցության շարքերում եղան տեղաշարժեր: Այո, ես նշել եմ, որ խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել և բնականաբար, մենք պետք է կարողանանք մեր կադրային ներուժը ճիշտ օգտագործել: Դրանք պետք է լինեն այն մարդիկ, ովքեր բացառապես սպասարկում են թե՛ ժողովրդի և թե՛ ԲՀԿ-ի շահերը: Ես չգիտեմ մամուլում տեղ գտած հրապարակումներն ինչ նպատակ են հետապնդում, բայց այդպիսի փոփոխություններ նախատեսված են ինչպես տարածքային կառույցներում, այնպես էլ մեր ընտրական հանձնաժողովներում: Կարծում եմ՝ մամուլը նաև այս փոփոխությունները նկատի ունի: Այդ փոփոխություններն իհարկե պետք է լինեն: Մենք այդ հանձնաժողովներում ընդգրկել էինք նաև այն մարդկանց, որոնց երաշխավորել էին այն պատգամավորներն ու կուսակցականները, ովքեր փետրվարյան իրադարձություններից հետո լքեցին մեր շարքերը: Նրանք այլևս ԲՀԿ անդամ չեն, և բնականաբար, նրանց ներկայացված հանձնաժողովի անդամները նույնպես պետք է բոլորը դուրս գան ԲՀԿ կազմից»,- ասաց տիկին Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս հանդիպումների ընթացքում ԲՀԿ-ն ներկայացնելու է իր անդամ-ներկայացուցիչներին:
Ն. Զոհրաբյանը շեշտեց, որ սա բնական և նորմալ գործընթաց է, հետևաբար՝ յուրաքանչյուր կուսակցություն, որն ունի լուրջ ակնկալիքներով առաջ գնալու ցանկություն և պատրաստվում է առաջիկայում խորհրդարանական ընտրություններին, պետք է հստակեցնի, զտի ու բյուրեղացնի իր շարքերը: