13/10/2015 19:32
ՀՀ արդարադատության փոխնախարարը հորդորել է դադարեցնել հացադուլն ու զերծ մնալ ծայրահեղ քայլեր-գործողություններից
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով այսօր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին:
Aysor.am-ին նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալն ու ՔԿՎ պետի առաջին տեղակալը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները՝ հորդորելով նրանց դադարեցնել հացադուլն ու զերծ մնալ ծայրահեղ քայլերից ու գործողություններից: Ցմահ դատապարտյալներին տեղեկացվել է նաև վիճակի բարելավմանը միտված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների մասին:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները՝ ձեռնարկելով գործուն քայլեր դրանց լուծման ուղղությամբ: