13/10/2015 14:41
ԲՀԿ-ական Լ. Խաչատրյանը դժգոհ է էկոնոմիկայի նախարարությունից ու դեսպաններից
Հայաստանի ՀՆԱ-ն, ինչպես ցույց են տալիս վերջին տարիները, ձևավորվում է գյուղատնտեսությունից, տարիներ անց գյուղատնտեսությունը դառնալու է նաև բյուջեն լցնող հիմնական աղբյուր: Բայց բոլոր խնդիրները Գյուղատնտեսության նախարարության վրա թողնելը սխալ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը:
«Մենք ամեն տարի կանգնում ենք գյուղատնտեսական ոլորտի միևնույն խնդիրների առաջ, սակայն դա մեզ համար դաս չի լինում: Պետական մոտեցում է պետք: Գյուղնախարարությանը զուգահեռ՝ աշխատանքներ պետք է տանի նաև Էկոնոմիկայի նախարարությունը, որը ոչինչ չի անում: Եվ հետո` ո՞ւր են մեր դեսպանները, ովքեր արտահանման գործին ոչ մի կերպ չեն աջակցում, այնինչ արտասահմանցիները վազում են Հայաստան, մեր ձեռքից ոլորտներ խլում-տանում»,- նյարդայնանալով հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Լ. Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ գյուղացին պետք է պետության հոգածությունը զգա, նրան, օրինակ, պետք է ապահովեն էժան, անգամ անտոկոս վարկերով՝ գյուղացուն փող է պետք.
«Այնինչ գյուղացին հենց էժան վարկ է վերցնում՝ մարում է նախորդ վարկը: Ո՞ւր են ծախսվում այսքան գումարները»:
Ինչ վերաբերում է վերջին շաբաթների հիմնական խնդրին, որ հուզում է բոլոր գյուղացիներին, Լ.Խաչատրյանն ասաց, որ անցած տարվա համեմատ արդեն իսկ 10 հազար տոննա ավելի խաղող է մթերվել, բայց ահա կարտոֆիլը, հակառակը, անցած տարվա համեմատ, աննախադեպ քիչ կլինի, քանի որ որոշ տարածքներում բերք առհասարակ չի լինի: