13/10/2015 17:56
Լևոն Զուրաբյանը քաջատեղյակ է իշխանությունների քաղաքական լաբորատորիային
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոստանում է իրեն ուղղված բոլոր հարցերին պատասխանել, սակայն ինչպես ինքն է պնդում՝ «միայն գրավոր տարբերակով»:
Այսօր հրավիրված քննարկումից հետո, երբ քննարկման ընթացքում նա իր կողմից արված «բացառիկ» հայտարարությունների շարքին ավելացրեց ևս մեկով, լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որտեղից նրան այդ ինֆորմացիան, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին կաշառել է, կամ՝ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Գագիկ Հարությունյանին տալ ՀՀ նախագահի պաշտոնը, պատգամավորը նախ վստահեցրեց, թե այդ ինֆորմացիան ճշտված է:
«Ես բոլոր հարցերի պատասխաններն այսօր գրավոր կներկայացնեմ, դրան կից նաև ինձ ուղարկված նամակը: Մենք շատ լավ տիրապետում ենք նրանց քաղաքական լաբորատորիային և գիտենք, որ Գագիկ Հարությունյանը հենց այնպես չի խախտում Սահմանադրական դատարանի նախագահի իր առաքելությունը: Ինքը խախտում է, ինչն ակնհայտ է: Դա շահերի բախում է: ՍԴ նախագահը պետք է լիներ Սահմանադրության բացարձակ, չեզոք պահապանի դերում, դա է նրա գլխավոր առաքելությունը: Իսկ նա, ընդհակառակը, զբաղվում է նոր Սահմանադրության ակտիվ լոբբինգով»,- նկատեց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Դիտարկմանը՝ դատախազությունն արագ արձագանքեց իր հայտարարությանը, Լևոն Զուրաբյանը նշեց, թե դատախազությունը նույնչափ արագ չգործեց նույն Մարտի 1-ի փաստահավաք խմբի եզրակացության մասով: «Նույնը կարող եմ ասել համակարգային կոռուպցիայի մասին 30 էջանոց հարցապնդման մասով՝ կոնկրետ փաստերով պետական պաշտոնյաների կաշառակերության մասին: Ինչո՞ւ այդ բոլոր հայտերի վերաբերյալ ոչ մի հետաքրքրություն չեք դրսևորել և ոչ մի փաստ չեք փորձել ուսումնասիրել: Ինչո՞ւ եք հիմա փորձում իրավական ընթացք տալ քաղաքական մեղադրանքին»,- ընդգծեց նա:
Ճշտող հարցին, թե այսինքն դա զուտ քաղաքական հայտարարությո՞ւն էր, Լ. Զուրաբյանն ասաց. «Բոլոր հարցերին կանդրադառնամ գրավոր»: