13/10/2015 19:05
Հացադուլը շարունակվում է. «Երկու անգամ նրանց խոստումներ են տրվել, բայց ոչինչ չի փոխվել»
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Երանուհի Թումանյանն այսօր հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հետ: Հիշեցնենք, «Նուբարաշենում» պատիժը կրող 101 ցմահ դատապարտյալներից 45-ը նախօրեին հայտարարեցին հացադուլ հայտարարելու մասին:
«Մենք հանդիպել ենք դատապարտյալների հետ, իրենց կողմից բարձրացված խնդիրները ևս մեկ անգամ քննարկվել են: Իրականում որևէ նոր բան չկա, դատապարտյալները բարձրաձայնում են նույն պահանջներն ու խնդիրները, որ անցած տարի էլ առիթ էին հանդիսացել հացադուլ հայտարարելու համար»,- տեղեկացրեց ՄԻՊ տեղակալը:
Հանդիպմանը ներկայացվել են օրենսդրական այն առաջարկները, որոնք առաջ է քաշել ՄԻ պաշտպանը դեռ անցած տարի նմանատիպ խնդրի բախվելուց հետո, որոնք միտված են ցմահ դատապարտյալների իրավիճակի բարելավմանը, վաղաժամկետ ազատման գործընթացին, պահպամն ռեժիմներին և այլն:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք դատապարտյալները խոսել են, թե երբ են պատրաստվում դադարեցնել հացադուլը մեր զրուցակիցը նշեց, որ դատապարտյալները միայն նշել են, որ վճռական են տրամադրված.
«Նրանք նշեցին, որ վճռական են իրենց կայացրած որոշման մեջ և քանի որ արդեն երկու անգամ նրանց խոստումներ են տրվել, որ խնդիրները կլուծվեն, բայց ոչինչ չի փոխվել, ապաև շարունակելու են՝ հույսով, որ այս անգամ եռալ ինչ-որ քայլեր կտեսնեն»,- ասաց ՄԻ պաշտպանի տեղակալը:
Երանուհի Թումանյանը տեղեկացրեց, որ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հացադուլ հայտարարած 45 ցմահ դատապարտյալներին նոր հացադուլավորներ այսօրվա դրությամբ չեն ավելացել: