13/10/2015 10:05
Սահակյան. Զուրաբյանի հայտարարությունը անզորությունից է
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարորթյունն այն մասին, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովը ոչ այլ ինչ է, քան անզորության դրսևորում: Այսինքն, Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀԿ-ական պատգամավորը, անզոր էին, որ չկարողացան բովանդակային դաշտում որևէ քայլ անել, որովհետև կա’մ չէին կարդացել նախագիծը, կա’մ կարդացել, բայց ոչինչ չէին ընկալել, կա’մ էլ պարզապես չէին ուզում մասնակցել գործընթացին, որովհետև ուղղակի ասելիք չունեին.
«Երկրորդը՝ քվեարկության ժամանակ 104 «կողմը» խոսում էր այն մասին, որ գոյություն ուներ համախմբվածություն, կոնսոլիդացիա այս բարեփոխումների շուրջ, որոնք տանելու են երկիրը դեպի զարգացում ու էլ ավելի ժողովրդավարացում: Իսկ այս դեպքում նրանց ուղղակի մնում էր նմանատիպ հայտարարություններ անել անզորությունից»,- նշեց Հ.Սահակյանը:
Մոր զրուցակցի խոսքով՝ Լևոն Զուրաբյանը բավականին լուրջ հայտարարություն է հնչեցրել, որով իհարկե զբաղվում են իրավապահ մարմինները, բայց բոլոր դեպքերում պատգամավորը պետք է մի փոքր ավելի զգոն լինի իր հայտարարություններում: Ամեն հայտարարություն, ասաց նա, չափ ու սահման պետք է ունենա, այնպես որ իրավապահ մարմինների խնդիրն է այսօր պարզել՝ կա՞ հիմք նման աղմկահարույց հայտարարություն անելու, ունի՞ պատգամավորը փաստեր, իսկ եթե ոչ, ապա պատասխանատվության ենթարկել.
«Մենք կարողացանք ապահովել սահմանադրական բարեփոխումների լուրջ գործընթաց, որը ժողովրդավարական բոլոր կանոններին համահունչ էր. բոլոր քննարկումները, նախապատրաստական աշխատանքները թափանցիկ էին, բոլորի աչքի առաջ: Երբ նախագիծը բերվեց ԱԺ այն բոլորովին այլ տեսք ուներ, բայց խորհրդարանում քննարկումների, քաղաքական ուժերի առաջարկությունների արդյունքում Սահմանադրության նախագիծը էապես փոխվեց, ինչը նշանակում է, որ գործընթացը ի սկզբանե միտված լինելով բոլորի հետ հավասար քննարկելուն, այդպիսին էլ հենց եղավ ՝ ապահովելով, կրկնում եմ, թափանցիկ գործընթաց»,- ասաց նա:
Եթե կպարզվի, որ սա ընդամենը հայտարարություն էր հայտարարություն անելու համար, ինչն այդքան բնորոշ է տվյալ քաղաքական գործչին, ապա լավագույն պատիժը, ըստ Հ.Սահակյանի այն է, որ հանրությունը կտեսնի, որ Լ.Զուրաբյանի հայտարարությունները ուղղակի մերկապարանոց խոսքեր են, որոնք պարբերաբար հնչեցվում են կարևորագույն գործընթացների ժամանակ: Իսկ սա, անշուշտ, իր արտացոլումը կունենա թե այդ գործչի, թե իր քաղաքական ուժի հետագա գործունեության վրա: Այսինքն՝ ամեն անգամ հայտարարություն հնչեցնելուց հետո հանրությունը կհիշի այս դեպքը ու վերապահումով կմոտենա դրա արժանահավատ լինելուն.
«Սպասենք իրավապահների գնահատականին և հասկանանք, թե որտեղից է մեր գործընկեր, հարգարժան Լևոն Զուրաբյանը նման տեղեկությունների տիրապետում և որ ամենակարևորն է՝ ինչպիսի փաստեր կարող է ներկայացնել»,- ասաց նա ու հավելեց, որ խիստ կասկածում է, որ Լ.Զուրաբյանը որևէ հիմնավորում կարող է ներկայացնել: