13/10/2015 16:27
Վրաստանի վարչապետն արդարանում է. Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայում չի նախատեսվում
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աբսուրդային է որակել խոսակցություններն այն մասին, թե Վրաստանը պատրաստվում է փոխարինել գազի մատակարար Ադրբեջանին: Խոսակցությունների հիմք էին հանդիսացել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախի Քալաձեի և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի բանակցությունները, որոնք կայացել են սեպտեմբերի վերջին: Ընկերությունում հայտնել էին, որ կողմերը քննարկել են Վրաստան ռուսական բնական գազի մատակարարմանը, ինչպես նաև դրա տրանզիտին վերաբերող հարցեր:
«Գռուզիա օնլայնից» տեղեկանում ենք, որ նախարարը շեշտել է՝ որևէ դիվերսիֆիկացիայի,ադրբեջանական գազի փոխարինման մասին խոսք չկա:
«Դա աբսուրդ է: Դա չի համապատասխանում իրականության և ես խնդրում եմ անպատասխանատու քաղաքական գործիչներին մարդկանց թյուրիմացության մեջ չգցել»,- նշել է Ղարիբաշվիլին:
Վարչապետը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայում չի նախատեսվում:
«Երկրները կապում են շատ սերտ, ընկերական և ստրատեգիկ հարաբերություններ, որոնք այդպիսին էլ կմնան: Ինչպե՞ս կարող է քաղաքական գործիչը մտածել անգամ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության վերանայման մասին: Դա ուղղակի աբսուրդ է և ես ուղղակի ապշած եմ, թե ինչ աբսուրդային բաներ են հորինում մեր ընդդիմադիրները»,- հավելել է նա:
Մեկնաբանելով Միլլերի հետ հանդիպումը՝ նախարար Քալաձեն, մասնավորապես, հայտարարել էր, որ կողմերը քննարկել են ռուսական գազի տրանզիտին վերաբերող հարցեր: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդիսանում է գազի հիմնական մատակարարը, բայց իշխանությունները մտածում են էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի մասին: Այս իմաստով ակտիվ աշխատանք է տարվում նաև Իրանի հետ:
Ընդդիմությունից էլ հայտարարել էին, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որոնք միտված են Վրաստանի էներգետիկ անվտանգությունը կորցնելուն: Իսկ հոկտեմբերի 17-ին կառավարության մոտ բողոքի ակցիա կանցկացվի ընդդեմ «Գազպրոմի»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Վրաստանը 2007թ-ից չի գնում ռուսական գազ, հիմնական նատակարարը հանդիսանում է Ադրբեջանը: Բացի այս, Վրաստանը նաև 10 տոկոս գազ է ստանում ռուսական գազը Հայաստան տրանզիտի դիմաց: