13/10/2015 09:21
Ավետիսյանների փաստաբանները Վալերի Պերմյակովի հոգեվիճակի մասին կխոսեն ասուլիսում. «Առավոտ»
Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է:
Հիշեցնենք, որ նման փորձաքննություն կատարելու միջնորդություն ներկայացրել էին Ավետիսյանների փաստաբանները, քանի որ օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի զենք կրելու համար դատվող Պերմյակովի վարքագիծը տարօրինակ էր թվացել: Նա դատավարության ընթացքում մերթընդմերթ քնում էր, հեռուստաընկերություններից մեկի միկրոֆոնը վայր ընկավ, բոլորը վախեցած նայեցին, թե ինչ կատարվեց, իսկ ամբաստանյալը անգամ շուռ չեկավ նայելու, թե ինչ աղմուկ էր, իսկ վճիռը հրապարակելիս նա սկսեց հրճվել, ժպտալ:
«Առավոտը» դիմել է Ավետիսյանների փաստաբաններին՝ փորձելով ճշտել տեղեկությունը, թե արդյո՞ք Վալերի Պերմյակովի դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է ու խնդրելով մանրամասնել, թե ի՞նչ է գրված եզրակացության մեջ: Պերմյակովի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը թերթի հետ զրույցում ասել են, որ շուտով հանդես կգան մամուլի ասուլիսով: