13/10/2015 17:45
Վ. Բաղդասարյան. Եթե Արա Աբրահամյանը «դաբրո» ստացել է, կարող է հրապարակել
«Ես չեմ անհատականացնում, թե ով է ստեղծում կուսակցությունը: Ինձ համար դա քաղաքական միավոր է, իսկ քաղաքական միավորներին մեր վերաբերմունքը հավասարազոր է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից կուսակցություն ստեղծելու մտադրությանն ու հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն ստեղծվելիք կուսակցությունը, որը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, իրեն մրցակից համարում է:
«Բոլորին ողջունում եմ, որ կուսակցություն են ստեղծում: Բոլորը, ովքեր կուսակցություն են ստեղծում և պետք է ընտրություններին մասնակցեն, բնականաբար, մրցակիցներ են»,- ասաց նա:
Հարցին, թե Ռուսաստանի հայերի միության 15-ամյակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը որոշ քաղաքագետներ ընկալեցին որպես message, որ հենց Կրեմլից է կուսակցություն ստեղծելու «դաբրոն» ստացվել, արդյոք ինքը կիսում է այդ կարծիքը, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց.
«Համենայնդեպս ես նման երևույթի ծանոթ չեմ, դա իր գործն է: Եթե ստացել է, մարդը կարող է նաև դա հրապարակել: Բայց իր «դաբրո» ստանալու հետ կապված ես նման տեղեկություն չունեմ»:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Արա Աբրահամյանը երկար տարիներ փորձել է կուսակցություն ստեղծել, բայց իշխանությունները նրան դա թույլ չեն տվել, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե տեղյակ չի նման դեպքերից.
«Ես նորից եմ կրկնում՝ ինձ համար կարևոր չէ, թե ով է կուսակցություն բացում, ինձ համար քաղաքական միավորն է կարևոր ու նրա հնարավորությունները: Հաջողություններ եմ մաղթում բոլոր նորաստեղծ կուսակցություններին և նրանց մարտահրավերներին՝ դա կլինի մասնակցություն ԱԺ ընտրություններին, թե այլ, բոլորին հաջողություն եմ ցանկանում»:
Նշենք, որ շաբաթ օրը Ռուսաստանի հայերի միության 15-ամյակին նվիրված համագումարում Արա Աբրահամյանը վերջապես հաստատեց լուրերն այն մասին, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Իսկ արդեն վաղը Արա Աբրահամյանը կհանդիպի հայ լրագրողների հետ՝ այս լուրը անձամբ նրանց հաղորդելու համար: