13/10/2015 13:53
Պառլամենտը կզգա ժողովրդի շունչը. Վարդան Պողոսյան
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն այսօր հրավիրել էր «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում, որին մասնակցում էին նախագծի կողմ և դեմ կողմեր: Քննարկմանը ներկա էին նաև մասնագիտական հանձնաժողովի անդամներ:
Ի դեպ՝ քննարկման ժամանակ «Ոչ»-ի ճակատի անդամները քննարկման էին եկել իրեց բողոքն արտահայտող ցուցապաստառներով:
ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, խոսքում շեշտեց, որ դրանք ապահովում են իշխանությունների բաժանման և սահմանափակման սկզբունքի ուժեղացում:
Նրա խոսքով՝ առաջնային ու կարևոր փոփոխություն է համարվում համակարգային փոփոխությունների շարունակությամբ գերնախագահական Սահմանդրությունից անցումը դեպի ավելի հավասարակշռված համակարգ: «Դա խորհրդարանական համակարգի փոփոխությունն է»,- ասաց նա:
Վարդան Պողոսյանի կարծիքով՝ սահմանադրական իրավունքի և պրակտիկայի միջև չի լինի այնպիսի մեծ անջրպետ, ինչպիսին գոյություն ունի: Նրա համոզմամբ՝ այդ փոփոխությունները կապահովեն հավասարակշռությունը բարձրագույն մարմինների միջև՝ ՀՀ Նախագահ, կառավարություն, Ազգային ժողով, Դատական համակարգ:
«Պառլամենտը կզգա ժողովրդի շունչը, դա առաջին հերթին քաղաքացիական նախաձեռնությունների կողմից ներկայացված նախագծերի մասով է, ըստ որի, եթե 50 000 ստորագրություն ներկայացվի, կմտնի խորհրդարանի օրակարգ, իսկ երբ նախագիծը չի դրվում, 300 000-ի դեպքում նախագիծը պետք է պառլամենտը դնի հանրաքվեի»,-ասաց նա: