23/11/2015 16:16
Մարդիկ կրակն են ընկել. Ա. Մինասյանը՝ Սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալու մասին
«Սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալու հարցը վաղուց հասունացած էր՝ թե՛ տարածքներում, թե՛ այն խոշոր բիզնես ծրագրի համար, որոնք պատրաստվում են ներդրումներ անել»,- ԱԺ-ում հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագխի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Նախկինում ստացվում էր այնպես, որ մենք վնասում էինք գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, որովհետև մենք հարկերից ազատում էինք միայն ապրանքի իրացումը: Երբ գործարարները ձեռք էին բերում որոշակի ապրանքներ, ձեռքբերման ժամանակ ավելացման արժեքի հարկ էին վճարում, իսկ իրացման դեպքում՝ ազատվում էին դրանից: Ստացվում էր այնպես, որ ԱԱՀ շրջանակներում նախկինում վնասվածը հետ չէր բերում, ինքնարժեքը մեծանում էր»,- մանրամասնեց Ա. Մինասյանը՝ նշելով, որ այս փուլում օրինագիծը համարում է որպես հրատապային լուծում պահանջող:
Պատգամավորը նկատեց նաև, որ գործող օրենքով մարդիկ ոչ թե ազատվել են հարկերից, այլ հակառակը՝ կրակի մեջ են ընկել, քանի որ վնասները շատացել են:
Ա. Մինասյանը շեշտեց նաև, որ օրենքը չպետք է սահմանափակվի միայն սահմանամերձ բնակավայրերին արտոնություններ տալով:
«Հակառակը՝ այս շրջանակում պետք է մտնեն նաև համայնքները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է խորքային նայել հարցը: «Ինչքան էլ հայրենասիրությունից ենք խոսում, բայց եթե, օրինակ, գործարանը ռմբակոծվում է, բիզնեսմենը որոշակի հաշվարկ անելու խնդիր ունի, պիտի էդ դեպքում կարողանանք ասել, որ ապահովագրական սխեմայով պետությունը փոխհատուցելու մեխանիզմ է նախատեսում, սուբսիդավորելու է վնասի մի մասը և այլն»,- ասաց նա: