23/11/2015 15:05
Դեղերը հատով էլ չեն վաճառի՞
Բոլորովին վերջերս ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում դեղատները այլևս հատով դեղ չեն վաճառի և կվաճառեն միայն ամբողջական տուփով: Պարոն Բաբլոյանը դա բացատրել էր դեղամիջոցի ժամկետների հետ կապված խնդիրներով, քանի որ դեղը հատով վաճառքի դեպքում հնարավոր չէ վերահսկել ժամկետը: Այն մասին, որ սա սոցիալական լուրջ խնդիրներ ու ֆինանսական ծանր բեռ առաջ կքաշի քաղաքացիների համար, Արա Բաբլոյանը չէր խոսել:
Aysor.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանն ասաց, որ այս պահին դժվար է ասել, թե ինչ փոփոխություն կարվի «Դեղերի մասին» օրենքում, որը գտնվում է ԱԺ-ում քննարկման փուլում: Հարցին՝ դուք չե՞ք բացառում, որ հնարավոր է նաև արգելվի դեղերի հատով վաճառքը, տիկին Մկրտչյանն ասաց.
«Ներկա պահին նման խոսակցություն, քննարկում դեռ չկա: Իսկ թե հետագայում ինչ կլինի, պարզ կդառնա օրենքի քննարկումից հետո»,- ասաց նա՝ հավելելով, որ քանի որ դեղը հանդիսանում է սոցիալական ապրանք, ապա այնպես կլինի, որ ոչ մի քաղաքացի չի տուժի իրեն անհրաժեշտ դեղը ձեռք բերելուց:
Մնում է հուսալ, որ ԱԺ պատգամավորները իսկապես թույլ չեն տա, որ նման առաջարկ ներառվի ու առավել ևս ընդունվի «Դեղերի մասին» օրենքի քննարկման ժամանակ, այլապես 2016 թվականի պետական բյուջեով չավելացած կենսաթոշակներն ու աշխատավարձերը հաստատ չեն հերիքի ընդամենը երկու հաբ դեղամիջոց օգտագործելու համար մի ամբողջ տուփ գնելու պարտադրանքին: