23/11/2015 16:08
Կենսաբան. Երկաթով հարստացված ալյուրը կարող է օստեոպարոզի զարգացման պատճառ դառնալ
Հարստացված ալյուրը կարող է նպաստել բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ 21-րդ դարի 4-րդ ամենավտանգավոր հիվանդություն համարվող օստեոպարոզի զարգացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենսաբան Դոլորես Ղափանցյանը:
Բանախոսի խոսքով՝ օստեոպարոզն առաջանում է օրգանիզմում կալցիումի պակասով, իսկ երկաթն ու կալցիումն իրար բացառող տարրեր են:
«Այս երկու տարրերը խանգարում են միմյանց ու միասին չեն յուրացվում օրգանիզմի կողմից: Այսինքն, եթե մարդուն երկաթով հարստացված ալյուրից շիլա ենք տալիս, հետո նաև կալցիումով հարուստ սնունդ, այդ միկրոտարրերից և ոչ մեկն էլ վերջնականապես չի ներծծվում օրգանիզմ»,- ասաց նա:
Դոլորես Ղափանցյանը բացատրեց, որ օստեոպարոզի դեպքում ոսկրում նվազում է կալցիումն, ինչի հետևանքով դրանք դառնում են ավելի փխրուն ու մեծանում է վնաստվածքների, կոտրվածքների հավանականությունը:
Անդրադառնալով հարստացված ալյուրին՝ հանդիպման մյուս մասնակից, «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գոհար Ջրբաշյանն ընդգծեց, որ երկաթի ավելցուկը մեծապես վնասում է նաև մարդու ԴՆԹ-ն:
«Տեղի է ունենում հյուսվածքների վնասում, որոնք էլ շատ հաճախ հանգեցնում են լյարդի ցերոզի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի»,- ասաց Գոհար Ջրբաշյանը: