25/11/2015 16:12
Չեմ հասկանում՝ դուք ինչո՞վ եք պակաս Վրաստանից.Պյոտր Սվիտալսկին
Հայաստանն, ի տարբերություն հարևան երկրների, կոռուպցիայի դեմ պայքարի գործում իր դիրքերը զիջում է Վրաստանին: «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Ամփոփելով հետազոտությունները՝ ԵՄ պաշտոնյան նկատեց, որ 176 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը, ՌԴ-ն՝ 161, Վրաստանը՝ 56-րդ. «Չեմ հասկանում՝ դուք ինչո՞վ եք պակաս Վրաստանից: Վրաստանն ավելի լավ վարկանիշ ունի, քան, օրինակ, անգամ Չեխիան: Դասը շատ պարզ է, դուք էլ կարող եք հասնել դրան»:
Դեսպանի խոսքով՝ Լեհաստանում, երբ Տիմոշևիչը սկսեց կոռուպցիայի դեմ «մաքուր ձեռքեր» քարոզարշավը, նա շատ նախարարների, նույնիսկ իր ընկեր նախարարների հետ թշնամացավ, բայց պայքարը սկսեց: «Սա շատ կարևոր է, որովհետև այդ ամենը հիմնված է անձնական փորձի վրա»,- հավելեց նա:
Անդրադառնալով ՀՀ արդարադատության համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերին՝ դեսպանը նշեց, որ դատարանները և դատախազները մեկնաբանում են օրենքները սեփական հայեցողությամբ:
«Այնտեղ, որտեղ օրենքի գերակայությունը չի աշխատում, մարդիկ չեն վստահում դատարաններին, որի պատճառով տուժում է միայն հասարակությունը: Դատավորներն ու դատախազները նույնպես պետք է շահագրգռված լինեն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Ես ուրախ եմ, որ որոշակի փոփոխություններ տեղի են ունենում քրեական օրենսգրքում, որն օգնելու է պայքարելու կոռուպցիայի դեմ, այնպիսի կոռուպցիայի, ինչպիսին է՝ ապօրինի հարստացումը»,-նկատեց դեսպանը: