25/11/2015 19:21
Ռուսաստան-Թուրքիա. չկայացած գործընկերների պայքար
Աղմուկը, որը հարուցեց Սիրիայում թուքական կործանիչի կողմից ռուսական ռմբակոծիչի խոցումը, ըստ էության, ապացուցեց, որ Ռուսաստանը պատրաստ չէր նման զարգացման: Եվ դա հատկապես ցցուն երևաց Վլադիմիր Պուտինի` «թիկունքից արված հարվածի» մասին հայտարարությունից, քանի որ, գոնե հետագա արձագանքից, ստացվեց, որ Ռուսաստանը թիկունքով էր շրջվել դեպի մի պետության, որին համարում էր բարեկամական, բայց որը «օժանդակում է ահաբեկիչներին»: Եվ սա ռուսական քաղաքականությանը բնորոշ հենց այն «հավկուրությունն» է, ինչի հետևանքով էլ Մոսկվան պարբերաբար հայտնվում են պատային իրավիճակներում:
Խնդիրն այն է, որ արդեն առնվազն 15 տարի բոլորին հայտնի է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստեղծված է «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղ իսլամիստական կազմակերպության հիման վրա: Հետևաբար, դժվար չէ ենթադրել, որ ԱԶ-ն ոչ միայն իսլամիստական է, այլև ծայրահեղական (ի դեպ, իսլամիստներն այլ տիպի չեն լինում): Հետևաբար, երբ նույն Ռուսաստանն իր տարածքում օրենքից դուրս էր հայտարարում «Մուսուլման եղբայրներին», սակայն շարունակում էր սերտորեն գործակցել Էրդողանի գլխավորած քաղաքական ուժի հետ, սա հենց այն երկակի չափանիշներից էր, որոնցից, սովորաբար, դժգոհում էր ինքը՝ Ռուսաստանը՝ տարբերությամբ, որ այդ չափանիշներն Արևմուտքը կիրառում է Ռուսաստանի նկատմամբ: Եվ ահա այս համատեքստում նույնիսկ ենթադրել, որ Թուրքիան կաջակցի-կօժանդակի-կընդունի նույն այդ «Մուսուլման եղբայրների» կողմից ստեղծված ու կայացված ԻԼԻՊ-ի դեմ ռուսական գործողությունը, առնվազն անհեռատեսության էր:
Շարունակելով անհեռատեսության թեման, ստիպված ենք փաստել, որ Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցման համար պատասխանատվության իր առյուծի բաժինն ունի նաև ինքը՝ Մոսկվան: Հենց Ռուսաստանը, որը որևէ կերպ չարձագանքեց բառացիորեն մեկ ամիս առաջ թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանի խախտմանը, Անկարային «գլխի գցեց», որ Թուրքիան կարող է ինքն իրեն քիչ թե շատ անպատիժ զգալ և, փաստացի, սադրեց իր իսկ օդանավի խոցումը: Եվ կարծել, թե այս երկու իրադարձությունները զուտ պատահականորեն են հաջորդել միմյանց, կնշանակի ընդունել, որ երկրագունդը տափակ է և քառակուսի:
Այսուհանդերձ, վերը նշված (և չնշված) սխալներին ու բացթողումներին վերջին օրվա ընթացքում Ռուսաստանը, կարծես, փորձում է ավելացնել ևս մեկը՝ «հանկարծ» շրջանառության մեջ դնելով հայկական հարցը՝ Ժիրինովսկու և մի քանի այլ քաղաքական «բարձրախոսների» միջոցով ակնարկելով, որ եթե Թուրքիան շարունակի աջակցել ահաբեկիչներին, ապա Մոսկվան կարող է դուրս գալ Կարսի և Մոսկվայի պայմանագրերից՝ այդ կերպ վերականգնելով «պատմական արդարությունը»:
Թե ինչու՞ այդ արդարությունը մինչ այժմ վերականգնված չէ, խնդրի մյուս կողմն է: Բայց թե ինչու՞ էր Ռուսաստանը մինչև ատամները զինում Թուրքիայի հետ «մեկ ազգ-երկու հայրենիք» կարգախոսով ու նույն այդ հայկական հարցի շահարկման արդյունքում առաջացած Ադրբեջանին, սա հարց է, որը, թերևս, պիտի հետաքրքրի ռուսական քաղաքական էլիտայի այն ներկայացուցիչներին, որոնք Մոսկվայի և Բաքվի միջև զենքի բազմամիլիարդանոց առևտուրը ներկայացնում էին որպես «սովորական բիզնես»:
Ըստ որում, լավ կլիներ նաև հասկանալ, որ եթե ռուս-թուրքական հարաբերությունները սրվեն այն աստիճան, որ Բաքուն ստիպված լինի ընտրություն կատարել, ապա Ռուսաստանում կգտնվի՞ գոնե մեկ մեղսունակ մարդ, ով վստահորեն կպնդի, որ Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը չի կիրառվելու հենց Ռուսաստանի դեմ: Չնայած, կարելի է ենթադրել, որ նույնիսկ հիմա նմանները կգտնվեն, որովհետև իր բազմադարյա պատմության ընթացքում Ռուսաստանին չհաջողվեց լուծել ո՛չ ճանապարհների, ո՛չ էլ հիմարների խնդիրը: