25/11/2015 18:37
Ինքնաթիռ խոցելու հրանագն անձամբ եմ տվել. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի խոցման հրամանն ինքն անձամբ է տվել:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դավութօղլուն պնդել է, որ չնայած իրենց բազմաթիվ զգուշացումներին, ինքնաթիռն, այնուամենայնիվ, հատել է թուրքական սահմանը: Եվ հակառակ ռուսական կողմի այն պնդումներին, թե ինքնաթիռը չի հատել սահմանը, երկրի վարչապետը ընդգծել է, որ ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի տարածքում այն նկատելուց հետո:
«Մեր ժողովների ընթացքում ես անձամբ եմ Թուրքիայի զինված ուժերին հրահանգել, թե ինչ պետք է անել»,-ասել է նա՝ հավելելով, որ ինքնաթիռը խփվել է Թուրքիայի տարածքում, անգամ դրա բեկորներից Թուրքիայի երկու քաղաքացիներ են վիրավորվել:
Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաև, թե իրենք տեղյակ չեն եղել, որ ինքնաթիռը ռուսական է, իսկ այդ մասին տեղեկացել են միայն ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունից:
«Մենք մտադիր չենք ՌԴ-ի հետ խզել կապերը, խնդիրներ ունենալ: Ռուսաստանը մեր բարեկամն է, հարևանը: Մեծ պետությունների հարաբերությունները չեն կարող զոհաբերվել պատահարների պատճառով: Ռուսաստանը մեր կարևոր գործընկերն է և վերջին 13 տարում դարձել է այն երկրներից մեկը, որի հետ հարաբերությունները շատ ենք կարևորում»,-ասել է Դավութօղլուն։