25/11/2015 12:07
Հոգեբանական, ֆիզիկական և սեռական. Ինչպիսի՞ն է ընտանեկան բռնության պատկերը Հայաստանում
2015 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կանանց իրավունքների կենտրոնի թեժ գծին գրանցվել է 1342 զանգ, որից բռնության զանգերը եղել են 918-ը: Այս թվից 372-ն էլ եղել են առաջնային զանգեր, այսինքն՝ խոսքը բռնության նոր դեպքերի մասին է: Կրկնվող զանգերը եղել են 546-ը: Այս մասին ասուլիսում հայտարարեց Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը՝ ավելացնելով, որ սա չի նշանակում, թե ամբողջ Հայաստանում այս թվերն ատացոլում են բռնության դեպքերի իրական քանակն ու պատկերը, բայց ակնհայտ է, որ տասը ամիսների կտրվածքով 372 դեպքը բավականին բարձր ցուցանիշ է:
«205-ը եղել են հոգեբանական բռնության դեպքեր, 162-ը՝ ֆիզիկական բռնության դեպքեր և 5-ը՝ սեռական: Անշուշտ սեռական բռնությունը շատ ավելի շատ է, բայց կանայք այս հարցը բարձրացնելու վրա տաբու են դրել՝ նրանք չեն սիրում այդ թեմայի շուրջ զանգել և քննարկել: Բայց այս բաժանումը, իհարկե, պայմանական է և ֆիզիկական բռնությունն իր մեջ պարունակում է նաև հոգեբանական բռնություն և նույնը նաև սեռական բռնության դեպքում է՝ այն պարունակում է և ֆիզիկական, և հոգեբանական բռնություն»,- թվարկեց Ս.Վարդանյանը:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ նշված ժամանակահատվածում կանանց աջակցման կենտրոն այցելությունների թիվը կազմել է 511, որից 150-ը առաջնային, իսկ 361-ը եղել են կրկնվող դեպքեր:
Ինչ վերաբերում է մարզերում առկա պատկերին, ապա տիկին Վարդանյանը նշեց, որ կենտրոնն ունի նաև 7 մարզային աջակցման ճգնաժամային կենտրոն, որոնք սկսել են գործել մայիսի 1-ից և մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 մարզային կենտրոններում ստացել են 733 զանգ, որից ընտանեկան բռնության զանգերը եղել են 524-ը, իսկ մնացածը եղել են տեղեկատվական բնույթի.
«Ընտանեկան բռնության առաջնային 262 զանգից 166-ը եղել են հոգեբանական բռնության զանգեր, 88-ը՝ ֆիզիկական և 8-ը սեռական բռնությունից տուժած կանանց զանգեր: Կրկնվող զանգերը կազմել են 262: Այցերը կենտրոն եղել են 446, առաջնային այցերի թիվը կազմել է 189, կրկնվող՝ 287 »,- թվարկեց նա՝ նշելով, որ մարզերում կենտրոնները սկսել են գործել մայիսից և ազգաբնակչությունը պետք է հասկանա, որ կա ճգնաժամային կենտրոն, իրազեկում պետք է լինի, թե ինչ է բռնությունը, որպեսզի կանայք դիմեն: Բայց այս կարճ ժամանակահատվածում էլ բավականին մեծ է դիմող կանանց թիվը:
Նշենք, այսօր Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է: