25/11/2015 14:56
Է. Նալբանդյան. Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի և Սերբիայի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցության առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող փոխգործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Գաշիչը հավաստել է, որ Սերբիան Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ պետություն և հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ընդլայնմամբ: Նա երախտագիտություն է հայտնել Կոսովոյի հիմնախնդրի կապակցությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման համար, որը վերջերս արտացոլվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Կոսովոյի անդամակցության հարցով քվեարկությամբ։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: