25/11/2015 17:28
Ն. Դուրյան. Ընտանեկան բռնության դեպքերը նվազել են
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գնալով ավելանում է այն անձանց թիվը, որոնք դիմում են ոստիկանությանը ընտանեկան բռնության ենթարկվելու հետևանքով: Այս մասին ՄԱԿ հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«Տասը տարի առաջ շատ քիչ կանայք կարող էին գալ ոստիկանություն և խոսել ընտանիքում կատարված բռնության մասին: Այսօր պատկերը փոխվել է»,- ասաց նա՝ ներկայացնելով վերջին տարվա վիճակագրությունը:
Ըստ այդմ, 2015 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 645 դեպք, նախորդ տարվա 575-ի դիմաց: 645 դեպքերից 4-ը կատարվել է կենակցի կողմից, 342-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 53-ը՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ, իսկ 94-ը ՝ զավակի կողմից ծնողի նկատմամբ: Ընտանիքի այլ անդամների կողմից բռնության դեպքերը 77-ն են:
Ն. Դուրյանը նշեց, որ ուսումնասիրելով և վերլուծելով վիճակագրությունը, պարզ է դառնում, որ դեպքերի թվաքանակի ավելացումը կապված է ոչ թե բռնության դեպքերի ավելացմամբ, այլ տարբեր հանգամանքներով՝ դեպքերը թաքցնելու արատավոր փորձի բացառում, քարոզչական աշխատանքի արդյունք, ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացում, հասարակական կազմակերպությունների գործունեություն և այլն: