25/11/2015 14:43
Ներդրումային հետաքրքրությունները մեծանում են
Վերջին շրջանում նկատվում է ներդրումային հետաքրքրությունների ավելացում էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված, Հայաստանի տնտեսության այս ճյուղը լուրջ կարևորություն է ստանում։
Նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանը կարող է դառնալ հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի կարևորագույն հանգույցներից մեկը։ Ինչպես հայտնի է, այն նպատակ ունի կապել մի կողմից Իրանը և Իրաքը, մյուս կողմից՝ Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները։ Շատ կարևոր է, որ էներգետիկ նոր միջանցքի ձևավորմամբ հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր երկրները։
Այդ զարգացումների ֆոնին թերևս նկատվում է հետաքրքրությունների ակտիվացում Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ։ Օրերս Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ այդպիսի լուրջ մտադրությունների մասին հայտնեց բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավարը։
Ուսումնասիրելով Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող քաղաքականությունը, բրիտանական ընկերությունը եկել է այն եզրակացության, որ այդ դաշտն ունի «ներդրումային գրավիչ հնարավորություններ»։ Ուստի իրենք շահագրգռված են ներդրումներ իրականացնել մասնավորապես ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում։
Խոսքը բավական լուրջ գումարի մասին է։ Բրիտանական ընկերությունը պատրաստ է այս ոլորտում ներդնել շուրջ 400 մլն դոլար։
Էներգետիկ ոլորտի ներդրումային հետաքրքրություններն անշուշտ չեն սահմանափակվում միայն այս ընկերությամբ։ Շուրջ 10 օր առաջ Հայաստանում էր ներդրողների ևս մեկ խումբ՝ Ավստրիայից, Բուլղարիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից։ Վերջիներս ներկայացնում էին էներգետիկ ոլորտում հայտնի «Զոհալ» և «Հելիոս Փաուեր» ընկեությունները։
Թե՛ մեկը, և թե՛ մյուսը շահագրգռված են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Ընդ որում, ինչպես արևային, այնպես էլ հողմային էներգետիկայի բնագավառում։ Սպասվում է, որ արդեն առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում Հայաստան կգան փոձագետների խմբերը, որոնք տեղում կքննարկեն կոնկրետ ծրագրեր և դրանց իրականացման հնարավորությունները։