25/11/2015 16:48
Գոյություն ունի վարունգի մթերման հատուկ չափանիշ. Ռոբերտ Մակարյան
Գյուղացիները թողել, վարունգները մեծացել էին, որից հետո բերել, վերամշակողներին պարտադրում էին այն մթերել: Ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն՝ անդրադառնալով վարունգի մթերման շուրջ առաջացած խնդիրներին:
Փոխնախարարի խոսքով՝ ցանկացած գործընթաց իր կանոններն է թելադրում և վարունգի մթերումը ևս բացառություն չէ: Նրա խոսքով՝ ցանկացած գյուղմթերքի մթերում իրականացվում է հատուկ չափանիշներով և վարունգը ևս բացառություն չէ:
«Մարինադի համար որոշակի չափանիշներ կան՝ վարունգը պետք է լինի մինչև 9, 10 սմ երկարության, բայց եթե տեսել եք՝ 20, 25 սմ, այսինքն, մարինադի համար չէին օգտագործվելու, դրանք բնականաբար չեն մթերվել։ Եվ այնուամենյնիվ, որպեսզի գյուղացիներին օգնենք, բացառություն արեցինք, որ գան ավտոմեքենաներով տոնավաճառում մի փոքր ավելի էժան գնով վարունգ վաճառեն»,- ասաց փոխնախարարն՝ ընդգծելով, որ այդ երեք շաբաթվա ընթացքում ընդամենը մի գյուղացի է եղել, որ եկել ու վարունգ է վաճառել։
Ռ. Մակարյանը նշեց նաև, որ այս տարվա բերքի առատության պայմաններում ավելացել են ոչ միայն մթերման, այլև արտահանման ծավալները: «Նախորդ տարվա համեմատ այս տարի գերազանցում են նաև արտահանման ծավալները: Այս տարի մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղեն է արտահանվել հատկապես Ռուսաստան»,- հավելեց նա։
Ի դեպ՝ այս օրերին էլ գործում են գյուղատնտեսական տոնավաճառները, որոնք դեկտեմբերի 19-ից դառնալու են ամենօրյա: «Տոներին ընդառաջ բնակչության առևտուրը պատշաճ կազմակերպելու նպատակով տոնավաճառները կգործեն ամեն օր, իսկ նոյեմբերի 28-29-ին նախատեսված է գինու փառատոն՝ Հյուսիսային պողոտայում»,- հավելեց նա։