25/11/2015 15:20
Կարելի է ասել՝ խաղողի բերքն ամբողջությամբ մթերվեց. Փոխնախարար
Այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 63.700 տոննա պտուղ-բանջարեղեն է մթերվել, որից՝ 20.500-ը միայն պտուղ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբրտ Մակարյանը:
Փոխնախարարի խոսքով՝ գյուղացիների այս տարվա դժգոհությունները, մասնավորապես, վերաբերում էին խաղողի մթերմանը:
«Կարելի է ասել խաղողի բերքն ամբողջությամբ մթերվեց. այս տարի մթերվել է 216.800 տոննա խաղող»,- ասաց նա՝ ընդգծելով, որ թեև այս պահին մթերման դիմաց վճարման առումով խնդիր կա, բայց այն գործարանները, որոնք պլանավորածից ավելի շատ են մթերել խաղող, պայմանագրեր են կնքել՝ որոշակի ժամանակահատվածում վճարումներն իրականացնելու համար։
«Պտղի դեպքում 93,5 տոկոսով վճարումներն արված են, խաղողի պարագայում՝ 62,5 տոկոսը»,- ասաց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է խաղողի մթերման հետ կապված գյուղացիների դժգոհություններին, Ռ. Մակարյանն ընդգծեց, որ դրանք հիմնականում առաջացան հենց գյուղացիների մեղքով:
«Եղան բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, որոնք խաղողը քաղում էին և առանց պայմանավորվելու տանում էին գործարան մթերելու: Մենք խնդրում էինք վերամշակող կազմակերպություններին, որպեսզի որակական հատկանիշներն անգամ հաշվի չառնեն ու մթերեն, դեպքեր եղան, որ բերքն անգամ գինեհումքի պիտանի չէր, սակայն գյուղացիները որոշեցին մեծ աղմուկ բարձրացնել»,- ասաց Ռ. Մակարյանը: