25/11/2015 10:31
«Ռոստուրիզմը» փակեց Թուրքիան ռուս զբոսաշրջիկների համար
«Ռոստուրիզմը» արգելել է տուրիստական գործակալություններին վաճառել փաթեթներ դեպի Թուրքիա: Կառույցը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որում, հղում անելով առկա զարգացումներին, տեղեկացնում է, որ նման իրավիճակում ՌԴ-ին շատ դժվար է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը և նրանց հովանավորությունը:
«Ստեղծված իրավիճակը որակվում է իբրև զբոսաշրջիկների անվտանգությանը սպառնալի»,- ասված է հայտարարության մեջ:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ «Ռոստուրիզմը» հղում է անում նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիայում առկա է ահաբեկչության վտանգ.
«Այսպիսով, նման պայմաններում զբոսաշրջության կազմակերպումը մի երկիր, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք, ՌԴ օրենսդրության կոպիտ խախտում է: Մենք հորդորում ենք տուրիստական գործակալներին դադարեցնել վաճառքը դեպի Թուրքիա, այդ թվում և երրորդ երկրներից»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ տուրիստական գործակալությունները մինչ ամանոր մեկնումով արդեն շուրջ 5 հազար փաթեթներ են վաճառել դեպի Թուրքիա:
Հիշեցնենք, երեկ Թուրքիան Սիրիայի տարածքում խոցել է ռուսական ռազմական Սու-24 ինքնաթիռը, ինչը ՌԴ կողմից սուր քննադատության արժանացավ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ սա «հարված էր մեջքից ահաբեկիչների համախոհների կողմից» և որ դա անհետևանք չի մնա: