25/11/2015 12:34
Ս. Օհանյան. Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումն ուղղված էր ընդդեմ միջազգային ահաբեկչության պայքարի
Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումն ուղղված էր ընդդեմ միջազգային ահաբեկչության պայքարի: Այս ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության ջանքերը սևեռված են, համախմբված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա, սա ուղղակի հարված էր հենց այդ ջանքերին: Լրագրողների հետ զրույցում, խոսելով նախօրեին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական SU-24 ինքնաթիռի խոցմանն, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, թե Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր է, ինչից էլ բխում է տեսակետը, թե ինչպիսին կլինի ՀՀ դիրքորոշումն այս հարցում: «Հիմա պետք է սպասել ու տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Համապատասխան ղեկավարները, կարծում եմ, որոշումներ կընդունվեն»,- ասաց Ս. Օհանյանն՝ ընդգծելով, որ միջազգային հանրության ջանքերով պետք է սրացումներ չլինեն:
Պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, հնարավո՞ր է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերը բերվեն մարտական պատրաստվածության, Ս. Օհանյանն ասաց.
«ՌԴ-ի հետ մենք ունենք ընդանուր օպերատիվ մարտական պլանավորում, որի շրջանակներում իրականացնում ենք մեր ընդհանուր գործունեությունը: ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունն այդտեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր հայկական կողմը գործում է այս պլանների շրջանակում: