25/11/2015 11:03
Երևանում սպանվել է բանկերից մեկի իրավաբանը. Սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին փնտրում են
Երեկ՝ ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961 թ. ծնված Մկրտիչ Պ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ սպանվածը հայաստանյան բանկերից մեկի իրավաբանն էր:
Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: