25/11/2015 18:08
Սա իմ առաջին ու վերջին այցն է լինելու այստեղ. Վարդան Պետրոսյան
Երկու տարի առաջ մահվան ելքով ավտովթարի մեջ մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանն այսօր կրկին դատարանում էր: Տուժող կողմն այս անգամ քաղհայց է ներկայացրել ընդդեմ նրա: Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած Տաթևիկ Հակոբյանի հայցի քննությունը բաժանված էր երկու մասից. նիստի կեսն ընթացավ դռնփակ, քանի որ այնտեղ հրապարակվելու էին անձնական տվյալներ, իսկ մյուս կեսը՝ դռնբաց ընթացակարգով:
Տաթևիկ Հակոբյանն այս անգամ դատարանից պահանջում է Վարդան Պետրոսյանին պարտավորեցնել վճարել իր առողջության վերականգնման, ինչպես նաև փաստաբանի ծախսերը:
Լրագրողների հետ զրույցում Վարդան Պետրոսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ պատրաստ է հոգալ աղջկա բուժման բոլոր ծախսերը:
«Սա իմ առաջին ու վերջին այցն է լինելու այստեղ: Դիրքորոշումս միշտ ասել եմ ու էլի ասում եմ, ես պատրաստ եմ հոգալ Տաթևիկի բուժման ծախսերը, այդ ամենն ասում եմ ազնիվ սրտով` մտածելով, որ Տաթևիկն իմ աղջիկն է, իսկ այն երկու զոհված տղաները՝ իմ որդիները: Ցավոք սրտի, ինձ անպատվել են. դերասանություն, թատրոն, մարդասպան և այլն, բայց այս ամեն ինչը ես հանդուրժել ու ընդունել եմ՝ մտածելով, որ այս ծանր վիշտն իմ մեղավորությամբ էր: Ինքս անհարմար եմ զգում այս դատական պրոցեսների շարունակությունից, էլի դատ, դատ: Հասկանում եմ, որ իրենք էլ հաճույքով չեն գալիս, առանց դատի հնարավոր է այս հարցը լուծել, հավատացեք, ես հաշտության կողմնակից եմ»,- հայտարարեց դերասանն՝ ընդգծելով, սակայն, որ չի հասկանում, թե տուժող կողմն ինչու է այս անգամ իրեն նորից դատի տվել:
«Էլի եմ կրկնում` ինչ ասել եմ վերաքննիչում՝ որոշողը դուք եք: Երկու ճանապարհ եմ տեսնում, մեկը՝ դատարանով, մյուսն՝ առանց դատարանի: Բայց եթե առանց դատարան եք ուզում, ես պատրաստ եմ»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ եթե տուժող կողմը գումարի հստակ չափ ու ժամկետներ ներկայացնի, իր պաշտպանյալը պատրաստ է դրանք վճարել սահմանված ժամկետներում: Նրա խոսքով՝ եթե անգամ ապահովագրական ընկերությունը չվճարի գումարն ամբողջությամբ, ապա իր պաշտպանյալը պատրաստ է վճարել անձամբ:
Տաթևիկ Հակոբյանի պաշտպան Զարուհի Վարդանյանն էլ ասաց, որ այդ մասով միջնորդություն կներկայացնեն միայն դատական քննարկումների ընթացքում: Ինչ վերաբերում է հայցվոր կողմի փաստաբանի ծառայության 3 միլիոն դրամը գերազանցող վճարի փոխհատուցման պահանջին, պատասխանող կողմը չի ընդունում այն և պահանջում է հիմնավորել ներկայացվող վարձաչափը
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարը տեղի էր ունեցել 2013թ․ հոկտեմբերի 20-ին, Երևան-Եղվարդ ավտոճանապարհին։ Վթարի հետևանքով մահացել են 2 մարդ, ուղևորներից մեկն էլ ստացել էր ծանր մարմնական վնասվածք։ Դերասանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, իսկ այժմ պատիժը նա կրում է բաց ռեժիմով, այսինքն՝ առավոտյան գնում է աշխատանքի, իսկ երեկոյան վերադառնում է ՔԿՀ: