25/11/2015 13:15
Օբաման ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես տեղկացնում է թուրքական «Անադոլուն»՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի Նախագահի մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են «թուրքական օդային տարածքը հատած» ռուսական ինքնաթիռի խոցման հարցը։
Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն աջակցում են Թուրքիայի՝ իր ազգային անվտանգությունը պաշտպանելու իրավունքին:
Հաղորդվում է, որ նախագահներ Էրդողանն ու Օբաման խոսել են նման դեպքերի կրկնությունը կանխելու համար ձեռնարկվելիք քայլերի մասին:
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան պետք է քննարկեն ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը և քայլեր ձեռնարկեն իրավիճակի էսկալացիա թույլ չտալու համար:
«Կարծում եմ` այժմ շատ կարևոր է, որ ՌԴ-ն և Թուրքիան խոսեն միմյանց հետ և պարզեն, թե ինչ է կատարվել»,- գրում է ria.ru-ն` նշելով, որ այս հայտարարությունն Օբաման արել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլի ժամանակ: