26/11/2015 14:07
Ինչու՞ մեկի տղան պետք է ծառայի, վիրավորվի, զոհվի, իսկ մյուսինը՝ ոչ. «Այո և Ոչ»-ի մասնակիցները Մերձավանում են
«Այո և Ոչ» իրապատման մասնակիցների «Հարավի» թիմի ներկայացուցիչներն այսօր Արմավիրի մարզում են: Մերձավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նոր Սահմանադրության կոնտեքստում բնակիչներից մեկը բարձրացրեց զինվորական ծառայության հարցը:
Նա նշեց՝ թե՛ ներկայիս, թե՛ նոր Սահմանադրությունում կա այլընտրանքային ծառայության դրույթ.
«Բայց դա ես ծառայություն չեմ համարում: Եթե զենք չի կրում՝ դա աշխատանք է: Ինչու՞ մեկի տղան պետք է ծառայի, վիրավորվի, զոհվի, իսկ մյուսինը՝ ոչ»,- հարցրեց մերձավանցիներից մեկը:
Նրան պատասխանեց Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ բազմահազարանոց զորակոչի դեպքում մոտ մեկ տասնյակ մարդ է անցնում այլընտրանքային ծառայության:
«Թող ոչ ոք չպատկերացնի, որ դա տանը նստած հանգիստ բան է: Նրանք այնպիսի աշխատանք են անում, որ մարդկանցից շատերը չէին անի՝ ծերանոցներում, հաշմանդամների հետ ունեն աշխատանք: Ազգային անվտանգության տեսանկյունից՝ շատ ավելի լավ է ունենալ նրանց այդ աշխատանքը կատարելիս, քան թե զենքը ձեռքին սահմանին կանգնած, երբ թշնամու հարձակվելու պահին չես իմանա, թե ինչ կանեն»,- ասաց Հրայր Թովմասյանը: