26/11/2015 16:24
Գ. Հարությունյան. Ադրբեջանն իդեալական է «Իսլամական պետության» համար
ԱՊՀ երկրներից «Իսլամական պետությանը» գրոհայիններ մատակարարելու իմաստով առաջատարը Ադրբեջանն է: Հայտնի է, որ այդ գործընթացում ներգրավված են նաև իշխանությանը մոտ կանգնած անձինք, այնպես որ բացառված չէ, որ Ադրբեջանում ակտուալ խնդիր է դարձել հանրության առավել ռադիկալ անդամներից ազատվելը: Այս մասին «Հայաստան. ժամանակակից մարտահրավերներ և Եվրասիական ինտեգրում» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը:
Ադրբեջանում, շարունակեց բանախոսը, ազգաբնակչության ռադիկալացումը ընթանում է նաև ազգային պատկանելիության չափանիշով, հատկապես եթե հաշվի առնենք հակահայ ագրեսիվ քարոզչությունը: Սակայն գործող ռեժիմը դեռ կարողանում է զսպել իրավապաշտպանների և կրոնական ծայրահեղականների փորձերը, ապակայունացնել ներքաղաքական վիճակը, իսկ կայունությունը պահպանել մեծամասամբ հաջողվում է հիմնական դաշնակցի` Թուրքիայի շնորհիվ:
«Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ քաոսի ալիքից հնարավոր է չկարողանա խուսափել նաև Թուրքիան, որն այսօր պատերազմում է ինչպես Սիրիայի, այնպես էլ քրդերի ու «Իսլամական պետության» հետ: Այդ իսկ պատճառով գոյություն ունի Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման վտանգ, իսկ նման զարգացումները իրենց ազդեցությունն անշուշտ կունենան նաև Ադրբեջանի վրա»,- հայտարարեց Գագիկ Հարությունյանը:
Աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև «Իսլամական պետության» գործունեության դեպի ԱՊՀ երկրների ընդլայնման տեսանկյունից Ադրբեջանը, ընդգծեց Գ.Հարությունյանը, իդեալական դիրքում է: Իսկ Ադրբեջանի հնարավոր ռադիկալացումը Ուկրաինայից հետո Ռուսաստանի համար կստեղծի «երկրորդ ֆռոնտը».
«Հասկանալի է, որ իրավիճակի նման զարգացումը զգալիորեն կսրի իրավիճակը նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ»:
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից: