26/11/2015 16:51
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Աշխատանքային այցելությամբ Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու և Թբիլիսի այցելելու համար։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի` Թբիլիսի կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։
Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։