26/11/2015 18:08
Բաքվում բախումների ժամանակ 8 մարդ է զոհվել
Բաքվի մոտ գտնվող Նարդարան գյուղի 4 բնակիչ և նույնքան ոստիկան սպանվել են այսօր զինված հակամարտության ժամանակ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Այս պահին իրավապահները փակել են գյուղ տանող ճանապարհն ու հատուկ հսկողության տակ են վերցրել այն հիվանդանոցն, ուր տեղափոխվել են միջադեպի հետևանքով վիրավորված մարդիկ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նարդարանում իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացնել կրոնական գործիչ Տալե Բագիրաձեի ձերբակալման նպատակով: Նրա կողմնակիցների և ուժայինների միջև բախում է սկսվել, որի ընթացքում իրավապահների ուղղությամբ նռնակ է նետվել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Բագիրաձեի ու նրա կողմնակիցների ձերբակալման գործողությունն անցկացվել է ցերեկային նամազի պահին, ինչը հարուցել է բազմաթիվ հավատացյալների դժգոհությունը:
Նարդարան գյուղի բնակչությունը հայտնի է, իսլամի նկատմամբ մեծ նվիրվածությամբ: