26/11/2015 11:14
Չեմպիոնների Լիգա. «Ռեալը» հաղթեց «Շախտյորին», «ՊՍԺ»-ն ջախջախեց «Մալմյոյին»
Սպասվածի նման, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության A խմբից փլեյ-օֆֆ փուլ դուրս եկան Մադրիդի «Ռեալը» և «Պարի Սեն Ժերմենը»: Մրցաշարի խմբային փուլի նախավերջին` հինգերորդ տուրում Ռաֆայել Բենիտեսի սաները հաղթեցին «Շախտյորին», իսկ Լորան Բլանի թիմն արտագնա խաղում առավելության հասավ «Մալմյոյի» նկատմամբ:
«Արենա Լվով» մարզադաշտում կայացած խաղում մադրիդյան թիմը 4 գնդակ խփեց Անդրեյ Պյատովի պաշտպանած դարպասը, իսկ սեփականն ընդունեց երեքը: «Ռեալի» կազմում Կրիշտիանու Ռոնալդուն Գարեթ Բեյլի օգնությամբ դարձավ դուբլի հեղինակ և գոլային փոխանցումներ կատարեց Լուկա Մոդրիչին ու Դանի Կարվախալին: 77-րդ րոպեին «հանքափորների» առաջին գոլը խփեց Ալեքս Տեյշեյրան` դիպուկ իրացնելով Կիկո Կասիլյայի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը, 83-րդ րոպեին աչքի ընկավ Դենտինյոն, իսկ 88-րդ րոպեին Տեյշեյրան դուբլ ձևակերպեց:
«Պարի Սեն Ժերմենը» 5 անպատասխան գոլ խփեց մրցակցի դարպասը. փարիզյան թիմից Անխել դի Մարիան դուբլ ձևակերպեց, իսկ Ռաբյոն, Զլատան Իբրահիմովիչը և Լուկասն աչքի ընկան մեկական անգամ:
Այս հանդիպումներից «Ռեալն» ունի 13 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Պարի Սեն Ժերմենը» երկրորդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 10 միավոր, իսկ «Շախտյորն» ու «Մալմյոն» մնացին 3-ական միավորով:
Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, A խումբ
«Շախտյոր» - «Ռեալ»` 3:4
Գոլերը` Տեյշեյրա 77' / 11մ., 88', Դենտինյո 83' - Ռոնալդու 18', 70', Մոդրիչ 50', Կարվախալ 52'