26/11/2015 14:16
Փոփոխությունների ընդունման դեպքում` մեծամասնությունը ստացած քաղաքական ուժերը կարող են կոալիցիա կազմել. Ս. Նիկոյան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե սահմանադրական բարեփոխումները միտված են երկրում միակուսակցական կառավարման համակարգ ձևավորելուն:
Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով ստեղծվում են ներքին ժողովրդավարության մեխանիզմներ, որոնք կբացառեն երկրում միակուսակցական իշխանության ձևավորման հնարավորությունը:
«Փոփոխությունների ընդունման դեպքում՝ ընտրությունների առաջին փուլից հետո ձայների մեծամասնությունը ստացած քաղաքական ուժը կարող է մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմել և ձևավորել կառավարություն, որի դեպքում ընտրությունների երկրորդ փուլի կարիք այլևս չի լինի»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին հայտարարեց պատգամավորը:
Ս. Նիկոյանն ընդգծեց նաև, որ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղ գրաված քաղաքական ուժը կարող է բանակցել մյուս քաղաքական ուժերի հետ, ստեղծել կոալիցա և ձևավորել կառավարություն: «Ահա սա է այն ներքին ժողովրդավարության էլեմենտը, որը քաղաքական դաշտին տալիս է լայն հնարավորություն, ինչը չի տալիս գործող Սահմանադրությունը»,- հավելեց նա:
Պատգամավորը հիշեց Հայաստանում նախագահական վերջին ընտրությունները, որի արդյունքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին մեծ թվով ձայներ էր ստացել և ընդգծեց, որ այդ ժամանակ, եթե լիներ ոչ թե կիսանախագահական, այլ խորհրդարանական կառավարման համակարգ, ապա «Ժառանգությունն» իր հավաքած ձայներով կարող էր դառնալ խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը:
«Սակայն այդ ժամանակ «Ժառանգությունը» ոչինչ չստացավ: Այսինքն՝ գործող համակարգում ընտրություններում հաղթող քաղաքական ուժը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ: Խորհրդարանական կառավարման համակարգում այս ամենը չի լինի»,- վստահեցրեց Հանրապետական պատգամավորը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին չհամաձայնելով Ս. Նիկոյանի հետ՝ պնդեց, որ նոր սահմանադրական փոփոխություններով առաջարկվող համակարգ որևէ այլ երկրում գոյություն չունի:
«Սահմանադրական փոփոխությունները միակուսակցական կառավարման շարունակմանն ուղղված քայլ են և ոչինչ չեն փոխի»,- ասաց նա։ Ա. Մարտիրոսյանն ընդգծեց նաև, որ եթե իշխանությունները այսօր բարձրաձայնում են, թե նոր Սահմանադրությամբ ամեն ինչ իր տեղն է ընկնելու, բայց իրականում այդպես չէ:
«Արդեն Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, նշանակում եք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական։ Էն մեկի տղային նշանակել եք քաղաքապետ։ Պարզ չէ, թե ինչ ուղղությամբ ենք գնում։ Լավ, սահմանադրությունը հասկացանք, բայց դա միայն տեքստով չի, դա պետք է կյանք մտնի»,- ասաց նա։