26/11/2015 19:25
Հրաչյա Թամրազյանին կշնորհվի «Չինգիզ Այթմատովի անվան 2015թ. մրցանակ»
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում ի թիվս բազմաթիվ հարցերի լսվել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ «2016թ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների մասին» զեկույցը, որն ընդունվել է միաձայն:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հայկական պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում՝ 2016թ. առաջին կիսամյակում, որն էլ ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ-ի կողմից:
ՀՀ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է նաև Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել է նաև Երևանի Մատենադարանի տնօրեն, անվանի գիտնական, գրականության և մշակույթի գործիչ Հրաչյա Թամրազյանին՝ ԱՊՀ ՄԽՎ «Չինգիզ Այթմատովի անվան 2015թ. մրցանակ» շնորհելու հարցը: Պարգևատրումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի ընթացքում՝ Սանկտ Պետերբուրգում: