26/11/2015 18:27
Ամփոփվեց լավագույն հասարակական հնչեղություն ունեցող գաղափարների և նախագծերի առաջին մրցույթը
Երկու ամիս առաջ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության հասարակական կազմակերպությունը համատեղ հայտարարեցին նորարարական ու հասարակական հնչողություն ունեցող լավագույն գաղափարների և նախագծերի մրցույթ: Ամփոփելով մրցույթի արդյունքները՝ «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր նշեց, որ ստացել են 40 նախագիծ, որից 6-ը հասցեագրվել է Գիտության պետական կոմիտեին, քանի որ հստակ գիտական ուղղվածություն ունեին:
«Թեև բոլոր նախագծերը հետաքրքիր գաղափարներ էին իրենց մեջ ներառում, բայց պետք է առանձնացնեինք հաղթողներին՝ երեք մրցանակակիներին: Սակայն մեզ մոտ հինգ մրցանակակիր է՝ երկու խրախուսական մրցանակ էլ ենք նախատեսել»,- տեղեկացրեց նա:
Ըստ այդմ, առաջին մրցանակին արժանացել է Մհեր Սահակյանը (300.000 դրամ), ում նախագիծը նվիրված է անվտանգության խնդիրներին և այդ կոնտեքստում մտավոր ռեսուրսների զարգացմանը: Երկրորդ մրցանակին արժանացան քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն ու Նարեկ Գալստյանը (200.000դրամ), ովքեր ներկայացրել են համատեղ հետազոտություն-աշխատանք Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ: Եվ երրորդ մրցանակին (100.000 դրամ) արժանացավ Aysor.am-ի գլխավոր խմբագիր Սոնա Մարտիրոսյանը՝ տեղեկատվական անվտանգության վերաբերյալ ներկայացված նախագծով:
«Տեղեկատվական անվտանգությունն աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներում կարևորագույն ոլորտ է, որը հատուկ ուշադրության պետք է արժանանա»,- ասաց Գ.Հարությունյանը՝ առաջարկելով նախագծի հեղինակին համատեղ աշխատել գաղափարի կյանքի կոչման ուղղությամբ:
Խրախուսական մրցանակների արժանացավ Էրիկ Հովսեփյանը, ինչպես նաև մեր գործընկեր, Armedia.am լրատվական կայքի լրագրող Աննա Կարապետյանը:
Իր հերթին «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն էլ ասաց, որ իրենք ուշադրությամբ կհետևեն Հայաստանում ընթացող ինտելեկտուալ գործընթացներին, այդ թվում նաև ուշադրության կենտրոնում կպահեն հասարակության արձագանքն առ այս մրցույթը և եթե այն լինի դրական, ապա ամեն տարի՝ սկսած հաջորդ տարվանից, տարին երկու անգամ կհայտարարեն մրցույթի մասին:
«Ես հպարտանում եմ, որ մենք կարողացանք առաջին անգամ Հայաստանում, այսպես ասած, «գաղափարների վաճառքի» մրցույթ անցկացնել և հաջողել դրանում՝ 40 հայտերը այս կարճ ժամանակահատվածում հենց հաջողության նշանն են: Եվ եթե զգանք, որ հասարակությունը նման նորարարական գաղափարների մրցույթի կարիք ունի, ապա հետագայում նաև կաշխատենք խոշոր հովանավորների ներգրավել և ավելի մրցունակ գումարներ առաջարկել այդ գաղափարների համար»,- ասաց Արամ Սաֆարյանը: