26/11/2015 15:47
Շարմազանով. Սու-24-ի խոցումն ապացուցեց, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում
Հայկական կողմը դրական է գնահատում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ներառումը ՌԴ Պետական Դումայի օրակարգ: Այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Արդար Ռուսաստանի» կողմից նման օրինագիծ շրջանառության մեջ դնելու փաստին:
Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ որպես ՀԱՊԿ ԽՎ-ոմ հայկական պատվիրակության ղեկավար, գտնվելով այս օրերին Սանկտ-Պետերբուրգում հայկական կողմի դրական գնահատականը այս կապակցությամբ կփոխանցի իր գործընկերներին:
«Այդ թվում և Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին վերջինիս հետ հանդիպման ժամանակ»,- տեղեկացրեց ԱԺ փոխնախագահը:
Է. Շարմազանովը կարծիք հայտնեց, որ, թերևս, ռուսական ռազմական ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպը ակնհայտ դարձրեց մեր ռուս գործընկերների համար այն ճշմարտությունը, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում:
«Հակաահաբեկչական առաքելություն իրականացնող ինքնաթիռի խոցումը ապացուցեց, որ Անկարան շարունակում է Թալեաթի և Էնվերի քաղաքականությունը»,- հավելեց նա: