26/11/2015 11:52
10 անգամ ռուս օդաչուներին զգուշացրել ենք չհատել թուրքական սահմանը. Թուրքական ԶՈՒ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանում է թուրք-սիրիական սահմանի մոտ խոցված ռուսական Սու- 24 ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպը։
Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները՝ Գլխավոր շտաբի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ՌԴ ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ, նրա հետ քննարկվել ու կարծիքներ են փոխանակվել միջադեպի վերաբերյալ:
Թուրքական կողմը նորից ու նորից պնդում է, թե ռազմական ինքնաթիռը խփելու պահին իրենք չեն իմացել ում է այն պատկանում, և, որ 10 անգամ կրկնել են նախազգուշացումը, սակայն օդաչուները չեն արձագանքել, որից հետո կրակ է բացվել:
«Օդաչուներին գտնելու և փրկելու համար Թուրքայի Հանրապետությունն ու զինված ուժերը մեծ ջանքեր են գործադրել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մանրամասնում են նաև, որ թուրքական կողմը ՌԴ-ի ցանկացած հարցի պատասխանել է, մինչև անգամ հրապարակել ինքնաթիռի հետագիծը պատկերող քարտեզը:
Իսկ մեկ այլ հաղորդագրությամբ թուրքական ԶՈՒ-ն ներկայացրել է ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես են անգլերենով զգուշացնում ռուս օդաչուներին՝ դեռ Թուրքիայի սահմանը չհատած։ Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես են Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները նախազգուշացնում թուրքական սահմանին մոտեցող «չճանաչված ինքնաթիռին»:
«Խոսում է Թուրքիայի օդուժը՝ «guard» ալիքից: Դուք մոտենում եք Թուրքիայի օդային տարածքին, անհապաղ փոխեք ձեր ուղղությունը դեպի հարավ»,- մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է նաև, որ F-16-երը հարված հասցնելուց առաջ չեն նախազգուշացրել, սակայն ռուս օդաչուները հասցրել են ինքնանետվել այրվող ինքնաթիռից։