26/11/2015 15:56
Լևոն Զուրաբյանն այսօր կհանդիպի Գլխավոր դատախազին ու կներկայացնի ապացույցներ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է, որ ընդդիմությունը բավականին զորեղ է, որն այսօր էլ պատրաստ է կայուն պահելու «ոչ»-ի իր գաղափարը:
«Գնալու ենք հաջողություն բերող քայլերի: Իշխանությունը խուճապի մեջ է և Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը կդիմի հնարավոր ընտրակեղծիքների»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր գործիչը՝ համոզմունք հայտնելով, թե իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի կեղծեն նաև դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեն:
«Ընտրակաշառքի բաժանումը լինելու է իրենց դեմ, նրանք հասկանում են, որ դա կբերի «ոչ»-ի բանակի ավելի մեծ մոբիլիզացիայի: Նրանք հասկացել են, որ իրավիճակի միակ փրկությունը այն է, որ տեղամասերում կեղծեն արձանագրությունները: Ահա այս է իրենց այսօրվա միակ ռազմավարությունը: Այդ պատճառով էլ մարդկան մոտենում են մարզպետները, քաղաքապետերը և ուղղակիորեն առաջարկում են կաշառք: Ես հայտարարում եմ, որ նման մի տեսագրություն ուղարկելու ենք գլխավոր դատախազություն: Մենք շատ ունենք, բայց կներկայացնենք միայն մեկը: Այսօր ես հանդիպելու եմ գլխավոր դատախազի հետ և հաղորդումը հանցագործության մասին կներկայացնեմ նրան»,-հավելեց պատգամավորը: