26/11/2015 15:35
«Թող սրանից հետո մեկն ասի, որ ընդդիմությունը համախմբված չէ»
Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունը հրավիրել էր կլոր սեղան քննարկում, որտեղ օրակարագային կարևորագույն հարցերից մեկը՝ սահմանադրական փոփոխություններն էին:
Քննարկմանը մասնակցում էին ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները՝ «Հիմնադիր խորհրդարանի» վարչության անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Պետրոս Մակեյանը, Անդրեաս Ղուկասյանը, «ԱԻՄ» առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Չենք անցկացնի» նախաձեռնությունից ներկայացուցիչներ և այլ ընդդիմադիր գործիչներ: Քննարկմանը ներկա են նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ:
Իր բացման խոսքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ասաց. «Թող սրանից հետո մեկն ասի, որ ընդդիմությունը համախմբված չէ»: Շարուրնակելով խոսքը՝ նա նշեց նաև, որ այս հավաքի նպատակը մեկն է՝ ցույց տալ բոլորին, որ մենք միասնական ենք, որքեր դեմ են նոր Սահմանադրությանը, որը հավասարազոր է սահմանադրական հեղաշրջման:
«Ի տարբերություն 2005 թվականին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների, որոնք եղան ԵԽ-ին անդամակցելուց առաջ, նոր Սահմանադրության ընդունման հասարակական պահանջ այսօր չկա»,- ասաց նա:
Հ. Հովհաննիսհանն ասաց նաև, որ իշխանություններն այս քայլին գնում են ոչ միայն այն պատճառով, որ լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետները, այլև՝ դժվարացել է ընտրությունները կեղծելը։
«Վերնախավը չի կարողանում հին միջոցներով ղեկավարել և ընտրությունից ընտրություն կեղծել, հետևաբար փորձում է այլ միջոցներ կիրառել, այս դեպքում՝ սահմանադրության փոփոխություններ իրականացնել»,-ասաց նա:
Հ. Հովհաննիսյանը հավաքվածներին առաջարկեց հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին իրականացնել հանրային «exit poll» և հաշվառել քվեարկությանը մասնակցած բոլոր ընտրողների իրական թվաքանակը:
«Միայն այդ դեպքում իշխանությունների՝ հանրաքվեն կեղծելու հնարավորություններն էապես կկրճատվեն»,- ասաց նա: