26/11/2015 11:23
Հ. Աբրահամյան. Թող պատգամավորները իրենք որոշեն, մենք ձեռնպահ ենք մնում
Կառավարությունը այսօրվա իր նիստում ըստ էության մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Ինչպես նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը հեղինակը պայմանավորում է այն հանգամանքով, որ գործող իրավակարգավորման պայմաններում պատգամավորը մեկ ամսվա ընթացքում կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր և բանավոր հարցով, ինչը ստեղծում է լրացուցիչ անհարմարություններ հասարակությանը հուզող տարբեր հարցերի բարձրացման և դրանց պատասխանները ստանալու հարցում.
«Ուստի նախագծով առաջարկվում է չսահմանափակել պատգամավորներին և հնարավորություն ընձեռել պատգամավորներին յուրաքանչյուր քառօրյա նիստերի ընթացքում կառավարությանը դիմել մեկական գրավոր և բանավոր հարցերով»,- նշեց Ա.Հովհաննիսյանը, սակայն ավելացրեց, որ քանի որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ԱԺ գործունեության կարգի սահմանմանը, ձեռնպահ է մնում դիրքորոշում ներկայացնելու հարցում:
«Մենք պատրաստ ենք պատգամավորներին և գրավոր պատասխանել, և բանավոր»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նշելով` թող պատգամավորները իրենք որոշեն, մենք ձեռնպահ ենք մնում: